Ճապոնիան և ԱՄՆ-ն ստուգումներ են իրականացրել Boeing-787-ին մարտկոցներ մատակարարող գործարանում

12:43 • 21.01.13

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունն ու ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը ստուգումներ են իրականացրել GS Yuasa ընկերության` Կիոտոյում գտնվող գործարանում, որտեղ մարտկոցներ են արտադրվում Boeing-787 Dreamliner ինքնաթիռների համար, տեղեկացնում է Газета-ն՝ հիշեցնելով, որ այդ մարտկոցների մատակարարումը դադարեցվել է մի շարք տեխնիկական անսարքության միջադեպերից հետո։

 

Ինչպես նշում է Bloomberg-ը, հունվար ամսվա սկզբից ի վեր 2 դեպք է գրանցվել, երբ Boeing-787 Dreamliner ինքնաթիռների մարտկոցներից սկսել է ծուխ դուրս գալ։ Իսկ հունվարի 16-ին ճապոնական ANA ավիաընկերության օդանավերից մեկը նույն  պատճառով ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել։ Հետագայում պարզվել է, որ GS Yuasa-ի արտադրած մարտկոցներից մեկն այրվել է, որից հեղուկ է արտահոսել։

 

Այս միջադեպից հետո Boeing-787 Dreamliner ինքնաթիռների օգտագործումից են հրաժարվել Ճապոնիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Չիլին և Եվրոպան։ Մարտկոցների հետ կապված խնդրի պատճառով GS Yuasa –ի բաժնետոմսերի գինը մի քանի օրում 18%-ի անկում է գրանցել։