Եկեղեցին լի է ավազակներով. «Չենք լռելու»–ի անդրադարձը Նեղուցի Սբ. Աստվածածին վանքի վիճակին (տեսանյութ)

14:50 • 21.01.13

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Կոտայքի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Նեղուցի Սբ. Աստվածածին վանքի վիճակին։ Նաև ակնարկ է արվում, որ կաթողիկոսը պատմամշակութային այս կոթողները կործանումից փրկելու փոխարեն Երևանում կեցավայր է կառուցում:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին կորցնի քրիստոնեական կառույց համարվելու բոլոր իրավունքները: Այն վերածվել է կազմակերպության՝ լի ցոփության մեջ ապրող ավազակներով, որոնք բիզնես են անում՝ շահարկելով որևէ բանում անմեղ Քրիստոսի անունը, ընդ որում, սեփական հոտի և սփյուռքահայերի հաշվին: Այս ողջ խայտառակությունը հմտորեն քողարկվում է մի քանի տասնյակ իրոք նվիրյալ հոգևորականների շղարշով:


«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն այսօր հանրության ուշադրությանն է ներկայացրել «Կեղծ արժեքներ» տեսաշարի երրորդ մասը, որում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սփյուռքահայերի փողերով Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Կոտայքի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը:


Տեսանյութը Գարեգին Բ-ի՝ «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ» տխրահռչակ արտահայտության հերթական ապացույցն է: