Դեդ Հասանի սպանության առաջին վրեժը. Սուխումիում սպանվել է «օրենքով գող» Աստամուր Գուլիան

14:15 • 21.01.13

Ինչպես և ենթադրվում էր,  «օրենքով գող» Դեդ Հասանի՝ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած սպանությունը (տեղի է ունեցել հունվարի 16-ին) անհետևանք չի մնացել, գրում է criminalnaya.ru-ն՝ տեղեկացնելով, որ հայտնի է դարձել վրեժի առաջին զոհը։

 

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Սուխումիում՝ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, մահացել է 31-ամյա «օրենքով գող» Աստամուր Գուլիան, ով քրեական միջավայրում հայտնի էր Աստիկ Սուխումսկի մականունով։

 

Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով։ Չնայած բժիշկների ջանքերին, Աստիկի կյանքը փրկել չի հաջողվել։

 

Աստամուր Գուլիան «օրենքով գող» է ճանաչվել անցած տարվա դեկտեմբերի 10-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած մեծ հավաքի ժամանակ, որտեղ հավաքվել են Դեդ Հասանի թշնամիները՝ Մերաբի և Ջեմոյի գլխավորությամբ։ Բացի Աստիկից, «օրենքով գող»-ի կոչում է ստացել 5 մարդ։

Սակայն Դեդ Հասանի կլանը հրաժարվել է նորաթուխ «օրենքով գողերին» ճանաչել և իրական որս է սկսել նրանց նկատմամբ։

 

Դեդ Հասանի սպանությունից 2 օր անց քիլլերը Սուխումիում սպանել է Աստամուրին, ինչը, ըստ ամենայնի, վրեժխնդրություն է քրեական հեղինակության սպանության համար։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում գողական կլանների հակամարտությունը թևակոխել է ամենաարյունալի փուլը։