Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը թուլացնելու է Հայաստանի կախվածությունը տրանսֆերտներից ու սփյուռքի օգնությունից. ESISC
Անվտանգության և ռազմավարական հետախուզության եվրոպական կենտրոնը ( ESISC, հիմնվել է 2002թ-ին, Բրյուսելում) զեկույց է հրապարակել` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:
«Ավելի քան 20 տարի է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենավստահելի ու գլխավոր դաշնակիցը: 1991թ-ի դեկտեմբերի 25-ից ի վեր, երբ Իրանը ճանաչեց Հայաստանի անկախությունը, երկու երկրներն ամրապնդեցին հարաբերությունները ու պայմանավորվեցին բազմաթիվ համատեղ տնտեսական ծրագրեր իրականցնել»,- նշվում է զեկույցում:
Կենտրոնի վերլուծաբանների կարծիքով` «Իսլամական հեղափոխության փարոս» Իրանի եւ քրիստոնյա Հայաստանի միջեւ դաշինքը միայն առաջին հայացքից է անբնական: «Եթե ավելի մոտից նայենք այդ հարաբերություններին, ապա կտեսնենք, որ դրանք ուղղված են կոնկրետ խնդրի` հակազդել Բաքվից Վաշինգտոն ձգվող աշխարհաքաղաքական առանցքին»:
Ըստ զեկույցի` հայ-իրանական առանձնահատուկ հարաբերությունները շահավետ են երկու կողմերի համար էլ. Թեհրանը Երեւանի օգնությամբ շրջանցում է Եվրամիության եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները, իսկ Երեւանը Իրանի օգնությամբ` Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսական պատժամիջոցները:
Զեկույցում նշվում է, որ հայ-իրանական հարաբերությունները գնալով խորանում են. կողմերը սկսել են համագործակցել նաեւ դեղագործության եւ ծանր արդյուանբերության ոլորտում:
«....Երեւանի ու Թեհրանի միջեւ Ազատ առեւտրի գոտու ստեղծումը կարող է թուլացնել Հայաստանի տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից, միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկերից ու հայկական սփյուռքի օգնությունից»,- ասված է զեկույցում:










