Ընդունվում են «Եվրատեսիլ» երգի մրցույթի 2013թ.–ի հայտեր
Սույն թվականի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Սակայն, հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից , այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում՝ հնարավորություն ընձեռել բազմաթիվ կատարողներին, հեղինակներին ներկայանալու հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ ապահովելով առողջ մրցակցություն:
Ս.թ.-ի մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանյան ազգային ընտրությունը, որի ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցը կկատարի մրցութային երգերը: Երգի մրցույթին կարող են մասնակցել հետևյալ կանոններին համաձայն:
• Կատարող(ներ)ի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան:
• Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի:
• Հիմնական կատարող(ներ)ը և բեք-վոկալ կատարող(ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են:
• Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը:
• Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:
• Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով:
• Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:
• Բեմում կենդանիներն արգելվում են:
Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են ս.թ.-ի հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը ստորև նշված հասցեով:
• Անձնագրի պատճեն
• Երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթ
• Մասնագիտական լուսանկարներ
• Երգի ձայնագրությունը CD կրիչով
• Կոնտակտային տվյալներ
Գ.Հովսեփյան 26, Նորք, Երևան, 0047
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ,
«Եվրատեսիլ երգի մրցույթ 2013»
Ընդունվում են նաև էլեկտրոնային հայտեր հետևյալ հասցեով՝ inter@armtv.com
Այլ տեղեկությունների համար այցելեք www.1tv.am / +374 77 777 331










