Fast Six կամ «Ֆորսաժ 6» ֆիլմի գլխավոր հերոսը նոր Nissan Skyline GT-R-ը կլինի (լուսանկարներ, տեսանյութ)
Fast&Furious ֆիլմաշարի 6-րդ մասի պրեմիերան արդեն մոտ է: Այդ իրադարձությանն ընդառաջ տեղեկություններ են հայտնվել ֆիլմի գլխավոր հերոսների մասին, և խոսքը ոչ այդքան մարդկանց մասին է, որքան արագ և շքեղ ավտոմեքենաների, հաղորդում է vesti.ru-ն:
Nissan Skyline GT-R-ները «բենզինային ասքի» նախորդ շատ տեսարաններ են ճոխացրել: Այդ ավանդույթը կշարունակվի. թյունինգ ստուդիաները, որոնք մասնակցում են ֆիլմի համար նախապատրաստվող նոր GT-R-ի ստեղծմանը, շտապել են հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքները:
Հերթական GT-R-ը առանձնահատուկ գունավորում է ստացել: Բացի այդ, այն համալրվել է BenSopr –ի տպավորիչ աերոդինամիկ էլեմենտներով և Seibon-ի և AMS Performance-ի կարբոնային բազմաթիվ դետալներով, որոնց շարքում նշվում է նույնիսկ մեքենայի տանիքը:
Սուպերմեքենան Weapons Grade-ից նոր կարբոն-կերամիկական արգելակներ է ստացել: Արտամղման համար պատասխանատու է SP Engineering ստուդիան, որն ապահովել է գրեթե կրկնակի հզորացած շարժիչից գազերի դուրս բերման համակարգը:
Մեքենայի 3,8 լ շարժիչի ստանդարտ տուրբինները քիչ են թվացել և Switzer P800 տուրբինները, որի անվանման 800-ը ձիաուժերի քանակն է նշանակում, ճապոնական շարժիչին նոր վերելքների են հասցրել:
Fast Six անվանումը ստացած Fast and Furious կամ «Ֆորսաժ» ֆիլմի 6-րդ մասի համաշխարհային պրեմիերան նախատեսված է մայիսի 24-ին: Ֆիլմում ներգրավված կլինեն գրեթե բոլոր այն դերասանները, որոնք երևացող դերեր են կատարել նախորդ 5 պատումներում, այդ թվում Վին Դիզելը և Փոլ Ուոքերը:
Նկարահանումներն իրականացվել են Մեծ Բրիտանիայի մի քանի վայրերում, ինչպես նաև Լոս-Անջելեսում և Կանարյան կղզիներում:










