Հիմնական պայքարը կլինի իմ և գործող նախագահի միջև. Հրանտ Բագրատյանը քարոզարշավն սկսեց Վերին Արտաշատից (տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, այսօր Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում սկսելով իր նախընտրական քարոզարշավը, հավաքվածներին հայտարարեց, որ իր ծրագրերում մեծ ուշադրություն էր դարձրել հենց գյուղի խնդիրներին, ապա վստահեցրեց, որ նախագահական մրցապայքարում հիմնական պայքարը կգնա իր և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև։
«Հայաստանը միայն Երևանը չէ» կարգախոսը, ըստ թեկնածուի, լավ կաշխատի հատկապես գյուղում, չնայած, բացի այդ, նա նաև մեկ այլ կարգախոս ունի. «Ընդամենը 100 քայլ»։
Վերին Արտաշատում, սակավաթիվ գյուղացիների հետ հանդիպմանը Բագրատյանը հայտարարեց, որ ինքը համոզված է, որ ի տարբերություն 2008թ-ի, իր շնորհիվ այս անգամ հաջողվելու է իշխանափոխություն կատարել։ «Մեր շարժումը ձնագնդի նման գնալով մեծանալու է։ Մի՛ կարծեք, թե պապն ամեն օր փլավ է ուտելու»,- ասաց նա։
Բագրատյանը ներկայացրեց գյուղական խնդիրների բարեփոխումների իր ծրագիրը՝ նշելով, որ թեկնածուներից միայն երկուսն են ծրագիր ներկայացնել՝ ինքը և Սերժ Սարգսյանը: Այսօր նա հասցրել էր ծանոթանալ գործող նախագահի ծրագրին և վստահ էր, որ լավագույնն իրենն է։
«Իմը ռեալ ծրագիր է, ցանկությունների շարան չէ, թող մեծամիտ չթվամ, բայց եթե կարող են, թող գրեն: Ես գիտեմ՝ այս ընտրություններում հիմնական ինտրիգը, հիմնական պայքարը իմ ու գործող նախագահի մեջ է լինելու»,- վստահեցրեց նա։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ինքը եկել է շարունակելու իր գյուղական կիսատ մնացած ռեֆորմը։ Բագրատյանն ասաց, որ պաշտոն չի ուզում և վստահեցրեց, որ պաշտոնի համար չէ, որ պայքարի է դուրս եկել։
«Ես եկել եմ գյուղ, և դրա իրավունքը ունեմ, որովհետև ես եմ իրականացրել հողային ռեֆորմը, իհարկե, նախկին իշխանության իմ գործընկերների կողմից։ Դուք դրանից հետո ոչ մի թիզ, ոչ մի բան չեք ստացել։ 2003թ-ին պահեստային հողերը, որոնց ձեռք չէի տվել, իշխանությունները տվին իրանց մարդկանց»,- ասաց նա և նշեց, որ ոչ ոք չի էլ կարող ասել, որ սեփականաշնորհելիս ինքը իրեն կամ իր հարազատին որևէ օբյեկտ է տվել։
Հրանտ Բագրատյանի հայտարարությամբ՝ 1998-99թթ-ից ի վեր երկիրը փոխվում է, քանի որ իշխանությունները զարկ են տալիս մոնոպոլիզացիային։ «Այսօր տնտեսության 55%-ը գտնվում է մի քանի մարդու ձեռքում, իսկ ես ասում եմ, որ նորից ստեղծելու իրավունքը պետք է տանք ժողովրդին։ Գյուղ եմ բերելու կոոպերացիան, գյուղացին կունենա «փայ»։ Սա նախկին սովետը չի և գյուղացու հողը իր ձեռքից չի վերցվի։ Դուք ոչ միայն ձեր հողը կմշակեք, այլ նաև կաշխատացնեք կոոպերացիան և կվաճառեք ոչ թե խաղող, այլ խաղողի սպիրտ, ոչ թե լոլիկ, այլ տոմատ և ԱԱՀ-ն կմնա ձեզ»,- ասաց նա։
Նախագահի թեկնածուն ներկայացրեց նաև գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի 5 տարի առաջ ներկայացրած խոստումները և բերելով կոնկրետ թվեր ասաց, որ դրանք կյանքի չեն կոչվել։ «Ես ասեցի արի բանավիճենք (Սերժ Սարգսյանին նկատի ունի -Tert.am), պատասխանեցին, թե` չէ, մենք ծանր քաշային ենք»,- ասաց նա։
Հրանտ Բագրատյանը ելույթից հետո անցավ հարցուպատասխանին։ Գյուղացիները հետաքրքրվեցին, թե ավանդների վերադարձման մասով ծրագրում դրույթ ունի։ Թեկնածուն խոստացավ, որ դրանք ավելի բարձր տոկոսով կվերադարձնի, բայց իշխանության 5 տարիներին ոչ ամբողջությամբ, այլ մաս առ մաս։
Գյուղացիները դժգոհեցին, որ պետության ջուրը և պետությունում արտադրվող աղը իրենց վրա վաճառում են շատ բարձ գնով։ Բագրատյանը աղի հարցում տեղեկություն չուներ, բայց ջրի հարցով նշեց, որ հնարավոր է՝ ջրի գները ստիպեն նվազեցնել, եթե ջրի կորուստները 50%-ով կրճատվեն։
Գյուղացիներից մեկը դժգոհեց բանկերի վարած քաղաքականությունից և նշեց, որ գյուղում չկա մեկը, որ վարկ չունենա։ Թեկնածուն համաձայնեց, որ երկիրը «ժողովրդին բանկերի ձեռքը ստրուկ է դարձրել». «Ժողովրդի, կներեք, իհարկե, բայց ամորձիներից բռնած ման են տալիս»։
Հարցերից մեկը վերաբերվում էր նրան, թե ինչու է Բագրատյանը դուրս եկել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից։ Նախկին վարչապետը պատասխանեց, որ ինքը ՀԱԿ-ից դուրս չի եկել։ Իսկ հարցին թե ինչու իր հետ չեն այսօր ՀԱԿ անդամները, նա պատասխանեց. «Ա՜, դա ուրիշ հարց է։ Ուղղակի այնտեղ որոշ մարդիկ կային, որ կարծում են, թե չպետք է առաջադրվել, ես այդ կարծիքին չեմ»։
Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ մինչև վերջ կանգնելու է պայքարի առաջին շարքերում, և հավաքվածներին զգուշացրեց, որ եթե նրանք դուրս գան պայքարի և առաջին շարքերում իրեն չտեսնեն, ապա խորհուրդ տվեց, որ իրենք էլ չմնան այդտեղ։
Ի դեպ, Հրանտ Բագրատյանի քարոզարշավի մեկնարկը հետևում էին նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի երկու դիտորդ։










