Ինձ հետաքրքրում է Ղարաբաղի պատմությունը և հնարավոր է ֆիլմ նկարեմ այդ մասին. Կարեն Շահնազարով

15:00 • 21.01.13

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովը հնարավոր է ֆիլմ նկարի Լեռնային Ղարաբաղի մասին։

 

Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանության կամ Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանել, նա ասել է. «Ես դեռ որևէ նման պլան չունեմ, սակայն այդ թեման ինձ հետաքրքրում է։ Այն շատ բարդ և պատասխանատու թեմա է։ Ես չեմ կարող ասել, թե ունեմ կոնկրետ գաղափարներ, սակայն ինձ հետաքրքրում է Ղարաբաղի պատմությունը, և հնարավորության սահմաններում փորձել եմ ուսումնասիրել այն և Շահնազարովների պատմությունը։ Գուցե նկարեմ նման ֆիլմ, եթե ուժ ունենամ»։

 

Կինոռեժիսորը նշել է, որ ինքը նման գաղափարներ ժամանակ առ ժամանակ ունենում է, սակայն չի կարող ասել, որ դրանք որոշակի են։


«Հայաստանի նախագահի հետ այսօր խոսում էինք այն մասին, որ հետաքրքիր կլիներ նման ֆիլմ պատրաստել, քանի որ Ղարաբաղը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա, ռուս և հայ ժողովուրդների կյանքում դրական դերակատարություն է ունեցել։ Հնարավոր է, որ մի օր պատրաստենք նման ֆիլմ»,-ասել է Կարեն Շահնազարովը։

 

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշան է հանձնել կինոռեժիսորին՝ հայ-ռուսական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։