Առաջիկա ընտրությունները Հայաստանի պատմության ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու. Ռիչարդ Կիրակոսյան
ՀՀ նախագահական առաջիկա ընտրությունները Հայաստանի պատմության ամենաքիչ մրցակցային ընտրություններն են լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր կարծիքը հայտնեց «Տարածաշրջանային հետազոտություններ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Միաժամանակ նա ընդգծեց, որ ի տարբերություն Ուզբեկստանի և Բելառուսի, այս հարցում չի կարելի մեղադրել գործող նախագահին:
«Սերժ Սարգսյանը չունի ուժեղ ու կենսունակ մրցակից: Ոչ մրցակցային ընտրությունները արտացոլում են Հայաստանի քաղաքական իրականությունը: Ընդդիմությունը մնում է առանցքային և ոչ միավորված: Ընտրություններն այս անգամ լինելու են ավելի արդար, քան նախկինում: Հայաստանի իշխանության համար ամենալուրջ մարտահրավերը մասնակցության ցածր մակարդակն է լինելու: Իրական մրցակցության բացակայությունը հանգեցրել է հասարակության հետաքրքրության բացակայությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ մինչ օրս մենք ականատես ենք լինում անհատների մրցապայքարի և ոչ թե քաղաքական կուրսերի, ինչը նաև ցույց է տալիս քաղաքական դեբադների ցածր մակարդակը:
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգան նոր տեսակետներով և կաջակցեն դիսկուսի մակարդակի բարձրացմանը: Հենց դա է նրանց միսիան»,- ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ առաջիկա ընտրությունները գործող նախագահին նոր քաղաքական մանդատներ ստեղծելու հնարավորություն կընձեռեն։
«Եթե Սարգսյանը վերընտրվի, հնարավորություն կտրվի իր հետքը թողնել Հայաստանի քաղաքականության վրա: Սարգսյանի առաջին պաշտոնավարման շրջանը նշանավորվեց Ռոբերտ Քոչարյանի իրենից հետո թողած ժառանգությամբ: Ի տարբերություն իր առաջին պաշտոնավարման, երբ Սերժ Սարգսյանը իր վրա կրեց «Մարտի մեկի» ազդեցությունը, հիմա հնարավորություն ունի դուրս գալու Քոչարյանի ստվերից ու ցույց տալու տարբերությունը՝ իր պաշտոնավարման և Քոչարյանի տարիների միջև»,- ասաց նա:










