«Սպիտակ վագր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան ինձ համար կարևոր իրադարձություն է. Կարեն Շահնազարով

14:40 • 21.01.13

Հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ինչպես նաև «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն այսօր լրագրողների հետ ունեցած երևանյան հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպիտակ վագր» ֆիլմի հայաստանյան  պրեմիերան իր համար կարևոր իրադարձություն է։

 

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Մոսկվա» կ/թ-ում։ «Սպիտակ վագր» ֆիլմը մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների և արժանացել Capri Art Award մրցանակի՝ Capri, Hollywood կինոփառատոնի շրջանակում։

 

«Սա իմ առաջին պատերազմական ֆիլմն է, որով ես հարգանքի տուրք եմ մատուցում իմ հորն ու նրա մարտական ընկերներին, ովքեր միասին են կռվել։ Ինձ շատ է դուր եկել պետերբուրգցի երիտասարդ գրող Իլյա Բոլշովի «Տանկիստ» վեպը, որն էլ ընկած է իմ ֆիլմի հիմքում»,- ասել է Շահնազարովը։

 

Ռեժիսորը նաև նշել է, որ պատերազմի մասին ֆիլմ նկարահանելը ֆիզիկապես բավական բարդ գործընթաց է։

«Երբ զգացի, որ այս թեման ինձ հետաքրքրում է՝ հասկացա, որ եթե մի քանի տարի սպասեմ, ապա այլևս ֆիզիկապես ուժերս չեն ների պատերազմական ֆիլմ նկարահանել։ Դա բավական բարդ գործընթաց է՝ ֆիլմ նկարահանել, որտեղ կա 45-50 տանկ։ Սակայն մյուս կողմից դա ահռելի փորձ է, որի ձեռքբերման համար անչափ ուրախ եմ»,- եզրափակել է Շահնազարովը։