Խաշը, տոլման և հարիսան` «ուտեստային պատերազմ»-ի պատճառ. The Atlantic

10:44 • 21.01.13

 «Հավանաբար ոչինչ այնքան կապված չէ ազգային ինքնության հետ, որքան ազգային ուտեստները: .... Սակայն երբ տարածաշրջանային նույն կերակրատեսակը հարեւան ժողովուրդներից յուրաքանչյուրը սկսում է իրենը համարել, ապա «ուտեստային ճգնաժամ է» հասունանում»,- ամերիկյան The Atlantic պարբերականում գրում է Քոլին Օքոները:

 

Հոդվածագիրն այնուհետեւ ներկայացնում է «ուտեստային հակամարտության» օրինակներ: «Շոտլանդացիները, անգլիացներն ու իռլանդացիները հաճախ են վիճում, թե ում նախաճաշն է ավելի օրիգինալ ու բազմազան: Իսկ ահա անկայուն կովկասյան տարածաշրջանում «ուտեստային մարտերը» այժմ բոլորովին այլ փուլ են թեւակոխել»,-ասված է հոդվածում:

 

Օքոներն  անդրադառնում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն- Tert.am) որոշմանը, որի համաձայն` հարիսան «քեշքեք» անվամբ ներառվել է կազմակերպության Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

 

«Հայերը պնդում են, որ քեշքեքը  հայկական ուտեստ է եւ այն անվանում են հարիսա»,- գրում է հոդվածագիրը ՝ ավելացնելով, որ հայերը պատրաստվում են բողոքարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը:

 

Օքոները նշում է նաեւ, որ տարածաշրջանային մեկ այլ ուտեստ`խաշն էլ հայերի ու վրացիների միջեւ է կռվախնձոր դարձել:

 

Հոդվածագիրը խոսում է նաեւ մեկ այլ «վիճահարույց կերակրատեսակ»-ի` տոլմայի մասին` նշելով, որ դրա ծագման շուրջ էլ վիճում են հայերն ու ադրբեջանցիները:  «Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը նույնիսկ Ազգային խոհանոցի կենտրոն է ստեղծել, որի հիմնական նպատակը,  ինչպես ադրբեջանցիներն են նշում, հակազդելն է ադրբեջանական ուտեստները յուրացնելու հայերի ջանքերին»: Հոդվածում նշվում է, որ «տոլմայի պատերազմը»  սրվեց, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե այն մաքուր ադրբեջանական ուտեստ է: «Դա ( հայտարարությունը- Tert.am ) արժանացավ հայկական կողմի խիստ արձագանքին, եւ Հայաաստանում տարբեր միջոցառումներ ձեռնարկվեցին` երկրի ազգային ուտեստները «փրկելու համար»,- գրում է վերլուծաբանը եւ նշում, որ Հայաստանում նույնիսկ  Տոլմայի փառատոն է անցկացվում` ընդգծելելու համար, որ այն հայկական է:

 

Օքոները, եզրափակելով գրում է, որ կովկասյան տարածաշրջանում սկսված «ուտեստային պատերազմը» մի բանի մասին է վկայում` մոտ ապագայում հարեւան ժողովուրդները նույն սեղանի շուրջ չեն նստելու ու «հաց չեն կիսելու»: