Վիրահայերը կսատարեն Սերժ Սարգսյանին, այս անգամ՝ ավելի ոգևորված. Տաճատ Վարդապետյան
«Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ «Հանրապետական » խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը:
«Ես այս հայտարարությունն անում եմ բազմահազար վիրահայերի անունից»,- ասաց Տաճատ Վարդապետյանը՝ նշելով, որ իր արտահայտած կարծիքն արտահայտում է նաև Ջավախքի բնակչության շրջանում տիրող տրամադրությունները:
Հիշեցնենք, որ այսօրվանից արդեն տրվել է նախագահական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:
Ի պատասխան լրագրողի հարցի, թե նախորդ համապետական՝ խորհրդարանական ընտրություններում Ջավախքը ձեռնպահ մնաց՝ դժգոհ լինելով իշխող կուսակցության՝ Ջավախքի վերաբերյալ նախընտրական ծրագրերի կատարումից, ջավախքցի պատգամավորն ասաց. «Չեմ կիսում կարծիքը, որ ԱԺ ընտրություններին Ջավախքը ձեռնպահ էր, որովհետև կա տարեգրություն: Կոնկրետ մեր կազմակերպությունը հայտարարել էր նաև այն ժամանակ, որ սատարում է ՀՀԿ-ին: Այնպես որ Ջավախքը ձեռնպահ չի եղել, և դրա դրսևորումը նաև Ջավախքի պատգամավորների ներկայացվածությունն է ՀՀԿ խմբակցությունում: Իսկ այս անգամ, այո, կարծես թե ոգևորությունն ավելի մեծ է»:
Տաճատ Վարդապետյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրիից մեծամասնական ընտրակարգով ընտրված Արման Սահակյանը ներկա են եղել նախորդ շաբաթ Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի կառավարության հանդիպմանը: Այս հանդիպումից Տաճատ Վարդապետյանը տպավորություն է ստացել, որ հայ-վրացական հարաբերությունները միտված և «հակված» են բարելավման, ինչը բխում է երկու երկրների շահերից:
ՀՀԿ-ական պատգամավորը հանդիպման ավարտից հետո մոտեցել է Վրաստանի վարչապետին և շնորհակալություն հայտնել «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական խոստումների համար:
Իհարկե, դրանք չեն կատարվել, բայց նկատված բարյացակամ վերաբերմունքը ՀՀԿ-ական պատգամավորին վստահություն է ներշնչում, որ դրանք անպայման կկատարվեն: Ինչը և Բիձինա Իվանիշվիլին ևս մեկ անգամ վերահաստատել է Երևանում:
«Իսկ ինչ վերաբերում է արցախյան հարցի հետ կապված, ապա հարցը տվեց իրենց լրագրողը, և Վրաստանի վարչապետը մի փոքր բորբոքված պատասխանեց, որ դա ադրբեջանական լրագրողի աղավաղումն է եղել, և տրվել է այդ հարցի պատասխանը, որ Վրաստան պետությունը նման դիրքորոշում չունի»,- մանրամասնեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հերքումով, թե արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հանդես է եկել հայտարարությամբ, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Տաճատ Վարդապետյանը հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հարցով զրուցել է Վրաստանի վարչապետի հետ Հայաստան ժամանած Վրաստանի նորընտիր խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ: «Ինձ հավաստիացվեց, որ պարզապես ձգձգվում է, բայց անպայման լուծում է տրվելու»,- ասաց Տաճատ Վարդապետյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանում հայտարարված համաներումը չտարածվեց իր քաղաքական հայացքների համար անազատության մեջ գտնվող ջավախքցի հասարակական-քաղաքական գործչի վրա:
Հիշեցնենք նաև, որ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախագահ Առնոլդ Ստեփանյանը Tert.am –ի հետ զրույցում հայտնել էր, թե Վրաստանում լուրջ հակահայկական տրամադրություններ է ստեղծել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությունը, թե ընտրվելու դեպքում Ջավախքն անեքսիայի կենթարկի՝ բռնի ուժով կզավթի։
Ի պատասխան, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց մեկ նախադասությամբ, որ Էպոսագետի այդ հայտարարությանը թե՛ Բիձինա Իվանիշվիլին, և թե՛ պատվիրակության որևէ անդամ չի անդրադարձել:










