Վաշինգտոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել Օբամայի երդմնակալության առթիվ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվում՝ կապված նախագահ Բարաք Օբամայի` այսօր կայանալիք երդմնակալության արարողության հետ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Բացի այդ, Վաշինգտոն են բերվել ոստիկանության և Ազգային գվարդիայի հավելյալ ստորաբաժանումներ, իսկ կարգուկանոնի պահպանմանն ընդհանուր առմամբ հետևելու է իրավապահ մարմինների 20 հազար ներկայացուցիչ։
Համաձայն տարբեր տվյալների՝ նախագահի երդմնակալության արարողությանը պատրաստվում է ներկա գտնվել 500-800 հազար մարդ։ Այդ ցուցանիշերն անհամեմատ ավելի փոքր են, քան 4 տարի առաջ, երբ ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահի երդմնակալության արարողությանը հավաքվել էր 1,6 մլն մարդ։
Անվտանգության միջոցառումների շրջանակներում կիրակի օրվանից փակ են Վաշինգտոնի մի շարք կենտրոնական փողոցներ, ինչպես նաև սահմանափակվել է մայրաքաղաքի օդային տարածքի օգտագործման իրավունքը։
«Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգությանը, և մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել անվտանգության խիստ միջոցառումներից»,- նշել են իրավապահները։










