Ալ Բանոն ընդունել է դստեր մահը՝ նրա անհետանալուց 18 տարի անց

13:27 • 22.01.13

Հայտնի իտալացի երգիչ Ալ Բանոն դիմել է Իտալիայի հարավում գտնվող հարազատ Բրինդիզի քաղաքի դատարան՝ խնդրելով ճանաչել իր ավագ դուստր Իլենիի մահը, գրում է ИТАР-ТАСС-ը։


Աղջիկն անհետ կորել է 1994թ. դեկտեմբերի 31-ին, Նոր Օռլեան քաղաքում, և չնայած երկար տարիների ջանքերին, նրա հետքերը գտնել չի հաջողվում։

 

Իլենին, ով Ալ Բանոյի և երգչուհի, դերասանուհի Ռոմինա Պաուերի 4 երեխաներից մեկն էր, այն ժամանակ 24 տարեկան էր։ Ամերիկայում նա ընկերություն էր անում սևամորթ փողոցային երաժիշտ Ալեքսանդր Մասակելիի հետ, ով, ըստ լուրերի, թմրամոլ է եղել։

 

Ինտերպոլի հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ վերջինն աղջկան ողջ է տեսել տեղի օկեանարիումի պահակը։ Նրա վկայությամբ՝ «տարօրինակ վիճակում գտնվող» աղջիկը բարձրացել է Միսիսիպի գետի պատնեշի վրա և, երբ նա մոտեցել է, ասել է՝ «Ջուրն իմ կյանքն է, ես պատկանում եմ ջրին», որից հետո նետվել է գետը։

 

Երկար տարիներ անմխիթար հայրը չէր ցանկանում հավատալ, որ աղջիկը ողջ չէ։ «Ես տարիներ շարունակ հույս էի փայփայում, սակայն հիմա գիտեմ, որ իմ փոքրիկն այդ գետի ջրերում է»,- գրել է երգիչն իր «Սա իմ կյանքն է» ինքնակենսագրականում (2006թ.)։