Դերասան Վլադիմիր Էտուշը հոսպիտալացվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում
«Կովկասի գերուհին» ու «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» սիրված ֆիլմերի աստղ, Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի առաջատար դերասան, 90-ամյա Վլադիմիր Էտուշը հունվարի 18-ին հոսպիտալացվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Այս մասին այսօր հայտնել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը։
«Ես անձամբ եմ Վլադիմիր Աբրամովիչին ուրբաթ հիվանդանոց տարել։ Նրա մոտ ուժեղ բրոնխիտ է, վատ ինքնազգացողության պատճառով նա չի մասնակցել հունվարի 15-16-ի ներկայացումներին»,- ասել է թատրոնի տնօրենը։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Կրոկին, դերասանի կյանքին վտանգ չի սպառնում։
«Վլադիմիր Աբրամովիչն իրեն նորմալ է զգում։ Մենք մշտապես խոսում ենք նրա հետ հեռախոսով։ Հուսով ենք, որ հունվարի 30-ին նա բեմ դուրս գա»,- ասել է թատրոնի տնօրենը։
Առողջական խնդիրների պատճառով հունվարի 29-ին նախատեսված Էտուշի ստեղծագործական երեկոն հետաձգվել է։










