Թուրքիան մեղադրվում է մշակութային շովինիզմի և աշխարհի խոշորագույն թանգարաններին շանտաժի ենթարկելու համար. The Guardian
Բրիտանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Guardian-ը, ծավալուն հոդված է հրապարակել, որում Թուրքիային մեղադրում է մշակութային շովինիզմի, ինչպես նաև աշխարհի խոշորագույն թանգարաններից մի քանիսին շանտաժի ենթարկելու համար։
Պարբերականի պնդմամբ՝ պաշտոնական Անկարան շանտաժի օգնությանն է դիմում, որպեսզի հեղինակավոր թանգարաններից ետ ստանա հնագիտական մեծ արժեք ներկայացնող հազարավոր նմուշներ։
Ինչպես նշել են Բեռլինի, Փարիզի և Նյու Յորքի մշակութային ոլորտի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Թուրքիան սպառնացել է արգելել օտարերկրացի հնագետների մուտքը երկրի տարածքում առկա հնագիտական պեղումների վայրեր, եթե թանգարանները հրաժարվեն ետ վերադարձնել «թուրքական հողից ապօրինի ճանապարհով տարված նմուշները»։ Բացի այդ, Անկարան սպառնացել է դադարեցնել իր մշակութային գանձերի ժամանակավոր տրամադրումն օտարերկրյա թանգարաններին։
Անկարայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք «մշակութային պատերազմ» են սկսել, որը կտևի տարիներ և որի նպատակն է վերադարձնել աշխարհի տարբեր թանգարաններում գտնվող հնագիտական գանձերը։
1829թ. հիմնադրված Գերմանիայի հնագիտական ինստիտուտը, որը Թուրքիայի տարածքում գտնվող ամենակարևոր հնագիտական պեղման վայրերից մի քանիսում աշխատանքներ իրականացնելու թույլտվություն է ստացել, նշել է, որ թուրքական իշխանությունները սպառնացել են չեղյալ համարել թույլտվությունը, եթե ինստիտուը չվերադարձնի 3,300 տարվա վաղեմություն ունեցող խեթական սֆինքսի արձանը։ Արդյունքում՝ հազվագյուտ նմուշը հանձնվել է Թուրքիային։
Բեռլինում Պրուսական մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Հերման Պարզինգերը Թուրքիային մեղադրել է կեղտոտ խաղ խաղալու և գիտական աշխատանքների ապագան վտանգելու համար։
«Թուրքերը քաղաքականության բավական ագրեսիվ ոճ են որդեգրել՝ փորձելով շանտաժի ենթարկել մեզ և մյուսներին»,- ասել է Պարզինգերը։ Նրա պնդմամբ՝ խեթական սֆինքսը ստանալուց հետո թուրքերը, կրկին դիմելով շանտաժի, պահանջել են ետ վերադարձնել ևս 3 նմուշ, որոնց շարքում են 2 հազար տարվա վաղեմություն ունեցող մարմարե քանդակը, միջնադարյան տապանաքարն ու 13-րդ դարի միհրաբի մասեր։
«Բոլոր նմուշներն էլ ձեռք են բերվել օրինական ճանապարհով 1 դար առաջ, և որևէ իրավական պատճառ չկա դրանք վերադարձնելու համար»,-ասել է Պարզինգերը։
Բացի այդ, Թուրքիան տարաձայնություններ ունի Փարիզի Լուվր թանգարանի հետ, որը, սակայն, հրաժարվել է բավարարել թուրքական կողմի պահանջները։ Դրան ի պատասխան, թուրքական իշխանություններն արգելել են ֆրասիացի հնագետներին պեղումներ իրականացնել երկրի տարածքում։ Բացառություն չեն կազմել նաև Նյու Յորքի հեղինակավոր Metropolitan Museum թանգարանը, որից Թուրքիան պահանջում է 18 նմուշ, և Լոնդոնի British Museum թանգարանը։
Սակայն Թուրքիայում աշխատող հնագետները հանրության ուշադրությունը հրավիրում են անչափ կարևոր և հակասական փաստի վրա. մի կողմից թուրքական կառավարությունը ջանք չի խնայում ամբողջ աշխարհից մշակութային նմուշները վերադարձնելու համար, սակայն մյուս կողմից ակնհայտորեն աչքաթող է անում հնագիտության համար մեծ կարևորություն ներկայացնող պեղման վայրերի պահպանումը։
Այս կապակցությամբ The Guardian-ը հիշեցնում է Իզմիր նահանգում գտնվող հին հռոմեական Ալիանոյ բաղնիքները, որը թուրքական իշխանությունների թույլտվությամբ ջրի տակ է մնացել՝ Յորթանլը ջրամբարը կառուցելու համար։ Չնայած հնագետների գործադրած բոլոր ջանքերին, Ալիանոյը ոչնչացվել է. թուրքական կառավարությունը շահույթը գերադասել է նման կարևոր մշակութային արժեք ունեցող հնագիտական վայրի պահպանումից։ Պարբերականը նախազգուշացնում է, որ Ալիանոյի ճակատագիրն է սպասում նաև բրոնզե դարում Տիգրիսի ափին կառուցված Հասանքեյֆ քաղաքին։










