Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ հարկային պետական ծառայություն

17:40 • 23.01.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին այցելել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, որտեղ ծանոթացել է գերատեսչության շենքային և աշխատանքային պայմաններին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն :


Բակո Սահակյանը կարևորել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմանների առկայությունը` ընդգծելով, որ այն իր դրական ազդեցությունն է թողնում համակարգի գործունեության վրա:


Այնուհետև նա մասնակցել է հարկային պետական ծառայության հաշվետու խորհրդակցությանը:


Կառույցի աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել ծառայության պետ Արտակ Բալայանը և գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները:


ԼՂՀ նախագահն իր խոսքում բավարար է գնահատել հարկային պետական ծառայության աշխատանքը` հավելելով, որ հաշվետու ժամանակաշրջանում կառույցի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են բարձր ցուցանիշներ:


Բակո Սահակյանն ընդգծել է, որ դրական տեղաշարժերի հետ մեկտեղ ոլորտում կան նաև շատ անելիքներ: Որպես ռազմավարական ամենակարևոր խնդիր` Բակո Սահակյանը նշել է տնտեսության մեջ սեփական ներուժի բնականոն զարգացման խթանումը:


Նրա խոսքով` պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարկահավաքման գործընթացը խոչընդոտ չհանդիսանա ձեռնարկատիրական գործունեության, հատկապես` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ինչը չափազանց կարևոր է հանրապետությունում միջին խավի ձևավորման համար:


Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն մշտական աջակցություն ցուցաբերել համակարգին` ուշադրության կենտրոնում պահելով նրա հիմնախնդիրներն ու դրանց լուծման գործընթացը:


Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: