Պոռնկագրական նյութեր տարածած Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել

16:57 • 23.01.13

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Քրեական վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում ավարտվել է Կ. Մնացականյանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, և նրան մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը: 


Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:


Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ 2012թ. հունվարից Կ. Մնացականյանը vk.com կայքում իր անվամբ գրանցել է անհատական էջ և այն օգտագործել` սեռական ուղղվածություն ունեցող թեմաների շուրջ տարբեր անձանց հետ հաղորդակցվելու նպատակով:


Հաղորդակցումն առավել նպատակային դարձնելու, շփման հետաքրքրություն առաջացնելու և շփման եզրեր գտնելու համար իր էջ է ներբեռնել թվով 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ:


Տարածելու դիտավորությամբ Կ. Մնացականյանը դրանք ցուցադրել է իր անհատական էջ այցելող անձանց: Արդյունքում նրա էջ այցելողները հնարավորություն են ունեցել տեսնել, ցանկության դեպքում դիտել այդ նյութերը և իրենց հերթին դրանք տեղափոխել իրենց անհատական էջեր:


Նույնկերպ Կ. Մնացականյանն իր անհատական էջում ներկայացրել է նաև մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ:


Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով:


Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: