Գերմանիան իր հիմնական տանկերն արդիականացնում է նոր դիտման համակարգերով

21:30 • 23.01.13

Եվրոպական Cassidian Optronics ընկերությունը, որը նույն նախկին հայտնի Carl Zeiss Optronics-ն է, գերմանական հիմնական տանկ Leopard 2-ի համար ջերմատեսային դիտման համակարգ է մշակել, որը կտեղադրվի մարտական մեքենայի հրամանատարի դիտակում, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը:


Համակարգը ստացել է Attica անվանումը:
Գերմանիայի ՊՆ-ն արդեն 7 մլն դոլար գումարի չափով գնել է այդ համալիրների մի խմբաքանակ:


Attica-ն հնարավոր է դարձնում բարձրացնել պատկերի որակը, ինչպես նաև մեծացնել թիրախի հայտնաբերման հնարավորությունը:


Տանկի հրամանատարի կողմից հայտնաբերված և նախանշված թիրախների և այլ օբյեկտների մասին տեղեկությունները թվային կապով հաղորդվում են տանկի հրետաձիգին:


Ներկայում Գերմանիայի զինված ուժերում առկա են 408 միավոր Leopard 2 տանկեր: Առաջիկայում երկրի ՊՆ-ն նախատեսում է դրանք կրճատել մինչև 395 միավոր, սակայն ամբողջությամբ արդիականացնել:


Leopard 2A6 տանկը 59,9 տոննա քաշ ունի, կարողանում է զարգացնել 68 կմ/ժ արագություն, իսկ ընթացքի պաշարը 340 կմ է կազմում:


Տանկը զինված է 120մմ հարթափող թնդանոթով, որն ունի 42 կրակոցի մարտական պաշար  և երկու 7.62 մմ տրամաչափի գնդացիրներով: Մեքենան համալրված է կոմպոզիտային զրահով և կերամիկական զրահապատման վահանակներով: