Մանեի կտավի տեղափոխումը Լոնդոն ուշանում է ձյան պատճառով

10:24 • 23.01.13

Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ամեն ինչ պատրաստ է շաբաթ Մանեի կտավների ցուցահանդեսը բացելու համար, կամ գրեթե ամեն ինչ։ Բրիտանիայում ձյան տեղումների պատճառով նկարչի կտավներից մեկը դեռ չի հասել ցուցասրահ, հայտնում է BBC-ն։

 

Էդուարդ Մանեի «Ամազոնուհի» կտավը պետք է բերվեր Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի Արվեստների թանգարանից դեռևս նախորդ շաբաթ։ Սակայն Մեծ Բրիտանիայում ձյան տեղումների պատճառով որոշվել էր կտավը չբերել։ Այժմ էլ նախատեսվում է այն ակադեմիա հասցնել մինչ ցուցահանդեսի բացումը։


«Մանե. կյանքի կերպարվեստ» ցուցահանդեսն առաջին խոշոր ցուցադրությունն է լինելու Մեծ Բրիտանիայում, որտեղ ներկայացված կլինեն վարպետի աշխատանքները դիմանկարային ժանրում։

 

Այցելուներին կներկայացվի ավելի քան 50 նկար աշխարհի տարբեր թանգարանների հավաքածուներից, ինչպես նաև կտավներ՝ անհատական հավաքածուներից։