Հանդիպել են օմբուդսմենը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները

18:05 • 23.01.13

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին և նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻ պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները և ընտրությունների հետ կապված աշխատանքները։


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարևորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացում, ինչպես նաև մեծ հետաքրքրություն ցուցաբել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պաշտպանի զեկույցի նկատմամբ։ Առաքելության ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց թվում էին տեղական և միջազգային դիտորդների սակավաթվությունը, ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության անվստահությունը, օմբուդսմենի ներգրավվածությունը ընտրությունների հետ կապված աշխատանքային խմբում և մի շարք այլ խնդիրներ։


Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին պաշտպանի ինստիտուտի հետ հետագա համագործակցության և երկարատև աշխատանքի հույս է հայտնել՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը շատ է կարևորում օմբուդսմենի կատարած աշխատանքը։


Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։