Երևանի քաղաքապետարանը հիշեցրեց, թե 2012թ.-ին բուժոլորտում ինչեր են հասցրել անել և ինչեր էլ դեռ կանեն 2013-ին

16:38 • 23.01.13

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունն այսօր ասուլիս էր հրավիրել և ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են կատարել անցած տարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 38 առողջապահական կազմակերպություններում և ինչ են նախապատրաստվում անել հաջորդ տարում։


Վարչության ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը նախ տեղեկացրեց, որ Երևանում գործում է 108 առողջապահական կազմակերպություն, որից 34-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են։


«Երևան քաղաքի զարգացման ծրագրով 2012թ.-ին թիվ 22 պոլիկլինիկայի մասնաշենքում ամբողջությամբ 22,6 մլն դրամի հիմնանորոգումներ են կատարվել, բացի այդ, բոլոր պոլիկլինիկաներում բարելավման, և մուտքերի դռների կապիտալ նորոգման աշխատանքներ ենք իրականացրել։ Հակատուբերկուլյոզային դիսպանսեր և մի շարք ՓԲԸ-ներում լոկալ ջեռուցում ենք ապահովել»,- ասաց նա և շարունակեց, որ բոլոր բուժհիմնարկություններում բակերի բարեկարգման և ցուցանակների նորոգման աշխատանքներ են տարվել։


Կամսար Բաբինյանը շարունակեց, որ հաշմանդամների համար բուժսպասարկումը հարմարավետ դարձնելու համար բոլոր բուժընկերություններում թեքահարթակներ են կառուցվել, ինչպես նաև հարմարավետ բուժսենյակներ առանձնացվել նրանց համար։


«Շտաբ բուժօգնության ծրագրով, տեղյակ եք, որ թվով 80 շտապօգնության մեքենա նվիրաբերվեց։ Նաև անձնակազմի վերապատրաստման հարցը լուծված է, ինչը բերեց նրան, որ կանչերի թիվը Երևանում համեմատական նախորդ երեք տարիների՝ 11տոկոսով ավելացել է»,-ասաց նա։


Վարչության պետը նշեց, որ բացի այդ, Երևանի ենթակայության տակ գտնվող կենտրոններում շուրջ 9 տոկոսով վիրահատական միջամտություններն են ավելացել։ «Սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ցուցանիշը հաշվի առնելով՝ ուշադրություն է դարձվել Նորք- Մարաշ ԲԿ-ին և Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտին։ Բավական աշխատանքներ են տարվել, 1 մլն դոլար արժողությամբ նոր սարքավորում է տեղադրվել Նորք Մարաշ ԲԿ-ում»,-ասաց նա։


2013-ին, ըստ նրա, նախատեսվում է քաղաքապետարանի բյուջեով Երևանի բուժհիմնարկություններում 70 մլն դրամ ներդնել և ամբողջությամբ վերազինել ամբուլատոր պոլիկլինիկական ծառայության լաբորատոր դիագնոստիկ ծառայությունը։ Այլ սարքավորումներով նույնպես նախատեսվում է համալրել բուժկազմակերպությունները։