Սերժ Սարգսյանը կապանցիների հետ խոսեց անվտանգության խնդիրներից

18:45 • 23.01.13

Սյունիքի մարզկենտրոն Կապանը Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակում այս տարածաշրջան կատարած այցի վերջին քաղաքն էր: Այստեղ նա իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն դարձրեց խաղաղության և երկրի բնական սահմանների անվտանգության հարցերին: Նա նշեց, որ Կապանը Հայաստանի այն բնակավայրերից է, որն Արցախյան ազատամարտի օրերին իր վրա անմիջականորեն զգացել է պատերազմի սարսափները, ավերիչ ռմբակոծությունները:


«Սիրելի կապանցիներ, դուք, համոզված եմ, որ բացատրության կարիք չունեք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան»: Դա սյունեցիների համար առաջին հերթին նշանակում է խաղաղություն, իսկ խաղաղություն հակառակորդին կարող է պարտադրել միայն ու միայն հզոր բանակը: Անցած ժամկետում մենք այդ ուղղությամբ աշխատել ենք, և թույլ տվեք ասել, որ վատ չենք աշխատել: Ունենք լուրջ հաջողություններ, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում բազմապատկելու ենք»,- ասաց նա:


Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ իրենք շարունակելու են ՀՀ զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով՝ այդ թվում հայրենական արտադրության:


«Վերջին զինավարժությունները ի ցույց դրեցին մեր բանակի հնարավորությունների մի փոքրիկ մասը միայն, բայց հասկացողների համար այն բավական էր՝ ընկալելու, որ մեր տարածաշրջանում կա խաղաղությունն ապահովող երկաթե երաշխիք, և այդ երաշխիքը հայկական բանակն է»,- ասաց նա:


Նա նշեց, որ Հայաստանում չի գտնվի մեկը, որ չիմանա՝ Արցախի հուսալի թիկունքը Հայաստան է:


«Ավելացնում եմ, որ առաջին հերթին Սյունիքն է, բայց եղավ մի պահ, որ Արցախն էր Սյունիքի թիկունքը: Մեջք մեջքի տված առաջ ենք գնում»,- ասաց նա:


Կապանում նախագահն անդրադարձավ նաև նախագահի մյուս թեկնածուներին և այն խոսակցություններին, թե գործող նախագահը չունի մրցակից: Այդ առիթով նա նշեց.


«Իշխանությունը չպետք է իր համար մրցակիցներ ստեղծի ու հետո հերոսաբար հաղթահարի այդ խոչընդոտը: Մեր խնդիրը մրցակցային դաշտ ստեղծելն է, մեր խնդիրն է հնարավորություն տալ յուրաքանչյուրին, ով ցանկանում է առաջադրվել ու պայքարել, որպեսզի նա կարողանա օգտվել հնարավորություններից: Նաև շատ-շատերը դեմ են նրան, որ ամեն պատահական մարդ առաջադրվի և փորձի իրեն ճանաչելի դարձնել ողջ հանրապետությունում: Սիրելի՛ սյունեցիներ, ճիշտ ճանապարհը սա է, մենք որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք՝ ոչ առաջադրվելու, մանավանդ, ոչ էլ չառաջադրվելու համար»,- ասաց նա:


Վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե իրենք չկարողանան լավ ընտրություններ անցկացնել ու իրենց նորից մեղադրեն չարաշահումների մեջ, ապա նշանակում է, որ իրենք արժանի չեք առաջնորդել հայ ժողովրդին:


Նշենք, որ Կապանում են հայ երգիչները, ովքեր փոքրիկ համերգ կազմակերպեցին կապանցիների համար: