Իտալիայում «Սումգայիթի ողբերգությունը» գրքի շնորհանդեսն է կայացել

15:12 • 23.01.13

Հունվարի 17-ին Իտալիայի Պատգամավորների պալատի «Refettorio» պատմական դահլիճում` ՀՀ դեսպանության և Իտալիայի Խորհրդարանում հայ-իտալական բարեկամության խմբի համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթի ողբերգությունը» գրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Տարեսկզբին լույս տեսած իտալերեն հրատարակությունը ՀՀ դեսպանության օժանդակությամբ խմբագրվել էր Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանի կողմից և համալրվել Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և հերոսացման հետ կապված դեպքերի նկարագրությամբ:

Միջոցառմանը ելույթներ են ունեցել «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ պատգամավոր Սանդրա Ձամպան, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը, «Ղարաբաղի համար Իտալական նախաձեռնություն» կայք էջի համահեղինակ Ռոբեր Աթարյանը:

Միջոցառումը բացել է «Իտալիա-Հայաստան» խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Սանդրա Ձամպան, ով ընդգծել է դեսպանության և բարեկամական խմբի վերջին տարիների սերտ համագործակցության արդյունքում կազմակերպված այս հերթական միջոցառման կարևորությունը:

Հայ-իտալական բարեկամության խմբի նախագահն իր խոսքում ներկայացրել է Սումգայիթի ջարդերը` մասնավորապես ականատեսների աչքերով, և շեշտել դրանց միջազգային հանրության կողմից ճիշտ գնահատական տալու կարևորությունը:

Դեսպան Կարապետյանն իր ելույթում նշել է, որ 1988թ. քաղաքակիրթ աշխարհը ականատես եղավ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված երկրորդ Ցեղասպանությանը այս անգամ արդեն Ադրբեջանի կողմից: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ՝ «իտալերեն լեզվով հրատարակված այս գիրքը ոչ միայն փաստագրական արժեք ունի, այլ նաև իրավական և քաղաքական: Գիրքը հավելյալ ապացույց է իտալական հասարակությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման անխուսափելիության հարցում»: