Քվեարկեք այնպես ինչպես ձեր խիղճն է թելադրում. Սերժ Սարգսյանը՝ քաջարանցիներին
Քաջարանցիների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կոչ արեց առաջիկա նախագահական ընտրություններին քվեարկել խղճի մտոք:
«Քվեարկեք այնպես, ինչպես ձեր խիղճն է ձեզ հուշում: Ես ուզում եմ լինել ժողովրդի կողմից ընտրված նախագահ, բայց նորից եմ ասում, քվեարկեք այնպես ինչպես ձեր խիղճն է հուշում: Միայն այդ ժամանակ կունենանք ժողովրդի կողմից կազմված իշխանություն»,- ասաց նա:
Այստեղ Սերժ Սարգսյանը խոսեց բնապահպանական խնդիրներից և ընդգծեց, որ հանքարդյունաբերությունն, իհարկե, շատ լավ բան է, սակայն անցել են այն ժամանակները, երբ դա արվում էր ամեն գնով:
«Սակայն միաժամանակ չպետք է լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ և ցանկացած մի նոր արդյունաբերական ձեռնարկություն ստեղծելու ժամանակ անիմաստ տեղը աղմուկ հանել: Մենք դեռևս չունենք այն հնարավորությունը, ինչը ունեն զարգացած երկրները: Պլանավորելով նույնիսկ հանածոների պահպանումը, մենք իրավունք չունենք գոտիներս ձգել ու ասել, որ մեր ընդերքը չենք շահագործելու: Հակառակը, մենք պետք է օգտագործենք մեր ընդերքը, մեր հանածոները, բայց չափի սահմաններում»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը Սյունիքում մեջբերեց Գարեգին Նժդեհի պատգամը. «Նրա առաջին պատգամն էր՝ երբեք առանց Սյունիքի և Արցախի: Մենք սրբությամբ հետևում ենք այդ պատգամին, իսկ հինգերորդ պատգամն է՝ ոչ մի ընչազուրկ քո հողի վրա: Մեր հողի վրա դեռևս աղքատություն կա, բայց մենք ամեն ինչ պետք է անենք այն նվազեցնելու ու վերացնելու համար»,- ասաց նա:
Իսկ քաջարանցիներին հետաքրքրում էին մի շարք հարցեր: Օրինակ՝ թե ինչու՞ Սյունիքում չի շահագործվում որևէ օդանավակայան: Նախագահը նշեց, որ հենց երեկ ինքն այդ հարցի շուրջ խոսել է ավիավարչության ղեկավարի հետ ու կարգադրել ուսումնասիրել տեղի օդանավակայանները՝ պարզելու, թե որտեղ է ավելի նպատակահարմար աշխատանքներ սկսել:
Մեկ այլ քաջարանցի երիտասարդ խնդրեց նախագահից լուծել հատկապես քննական շրջանում ուսանողների տրանսպորտի հարցը՝ զեղչել ճանապարհածախսը: Նախագահը նշեց, որ նման կերպ հարցը լուծել չի կարելի, քանի որ, իր իսկ խոսերով՝ «զեղչը լավ բան չէ»։ Նա նշեց, որ նման դեպքերում չեն կարողանում համապատասխան վերահսկողություն իրականացնել: Փոխարենը նախագահը նշեց, որ պետք է բարձրացնել կրթաթոշակները: Նա խոստացավ հարցին լուծում տալ:
Քաջարանցիները նաև անձնական նամակներ փոխանցեցին նախագահին, իսկ վերջինս խոստացավ ժամանակին պատասխանել դրանց:










