2012-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուների թիվն աճել է 20 000-ով
Երևանի կենդանաբանական այգին 2012-ին ունեցել է շուրջ 275.000 այցելու, իսկ 2011-ին այցելուների թիվը եղել է 255 հազար` 20.000-ով ավելի նախորդ տարվանից, այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
«Կենդանաբանական այգում այսօր բնակվում է 207 տեսակի մոտ 1400 գլուխ կենդանի, որից 143-ը միայն այս տարվա ձագեր են: Դրանք են պտավոր եղջերու, շոտլանդական պոնի, բեզոարյան այծ, գորշ արջ, ուղտայծ և այլն»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Նախորդ տարի այգում իրականացվել են շինարարական աշխատանքներ, վագրերի ազատավանդակի կառուցման աշխատանքների 70%-ը կամ 2000 քմ տարածքը արդեն պատրաստ է, կատարվել է նաև հայկական միջերկրյածովյան կրիաների բացօթյա ազատավանդակի կառուցում, բորենիների համար ազատավանդակի կառուցում` 650 քմ տարածք, արջերի ազատավանդակում էլեկտրական արգելապատնեշ համակարգի տեղադրում, փղի տարածքի վերանորոգում և այլն:
«2012 թվականից Երևանի կենդանաբանական այգում գործում է կրթական կենտրոնը, որն այգու այցելուներին առաջարկում է ամենատարբեր կրթական և ուսուցողական ծրագրեր անկախ տարիքային խմբից: Այգու կրթական կենտրոնում գործում է նաև էկոլոգիական ակումբ»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժնի վարիչ Հռիփսիմե Խաչատրյանը ասաց, որ այգու կրթական կենտրոնում գործում են աշխատակիցների մասնագիտական որակի բարելավման ծրագրեր:
«Այս տարի այգու աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների միջազգային մասնագետների ներգրավմամբ, ինչպես նաև մեկնել գործողումների Վրաստան և Ռուսաստան»,– ասաց նա:
«Նախատեսվում է համագործակցություն նախակրթական հաստատությունների հետ: Հատուկ աշխատանք է տարվում կենդանու վարքը ակտիվացնելու, նրանց ժամանակը լցնելու համար»,- ավելացրեց Հռիփսիմե Խաչատրյանը:
Բացի այդ, այգում շարունակվում է Կենդանիների խնամակալության ծրագիրը` կենդանիների կենսապայմանների բարելավման նպատակով:










