«Հայաստանի նկարիչների միությունը» կաշվից դուրս է գալիս կերպարվեստն իր հարթության վրա պահելու համար. Կարեն Աղամյան
«Հայաստանի նկարիչների միության» նախագահ Կարեն Աղամյանը նախագահական ընտրություններից կոնկրետ իր ոլորտում փոփոխությունների չի սպասում, բայց նշում է, որ իրենք կաշվից դուրս են գալիս կերպարվեստն իր հարթության վրա պահելու համար:
«Չեմ կարծում, որ բուն ընտրություններից հետո ինչ-որ բան կփոխվի: Հիմքերը դրա չեմ տեսնում: Բայց ամեն ինչ անում ենք, որ կերպարվեստը մնա հարթության վրա, որ չկորչի։ Կաշվից դուրս ենք գալիս, բայց մեզ հետաքրքիր է, սիրով ենք անում ամեն ինչը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ միության նախագահի՝ նկարիչները շատ ծանր վիճակում են: «Մենք շատ ծանր վիճակում ենք, մեր աշխատակազմն աշխատում է էնտուզիազմի վրա: Ոչինչ չենք ստանում բյուջեից, առհասարակ չի եղել: Բայց հիմա, եթե վատ աշխատենք, պետբյուջեին հարկեր չվճարենք՝ դուրս կմնանք»,- ասաց նա:
Նա նշեց, որ միությունը մի շարք ցուցահանդեսներ է կազմակերպում, մինչդեռ դա նրանց գործը չէ: «Բայց դա մեր գործը չի, բանվորին վճարել: Առաջ՝ սովետական տարիներին, կար համապատասխան կառույց, որը կոչվում էր «Նկարչի տուն», իր դիրեկցիայով, հիմա այդ բանը չունենք: Փող չունենք, կենցաղային հարցերը, դժբախտաբար, խանգարում է ստեղծագործական հարցերին»,- ասաց նա:
Միաժամանակ նա նկատում է, որ մեր հանրապետության 700-ից ավելի նկարիչ դրսում ներկայանալու խնդիր ունի: Ըստ նրա, համաշխարհային ճանաչում ստացած հայ նկարիչների այն հնարավորությունները, որը կար Սովետական Միության տարիներին, այսօր չկա, բայց տաղանդավոր նկարիչները քիչ չեն:
«Սարյանը, Մինասը ինչպե՞ս հասան ճանաչման։ Այդ ճանապարհը գրեթե չունենք, Սարյանը նկարիչ դարձավ այն տարածքում, որը երկրագնդի մեկ չորրորդ մասն էր կազմում (նկատի ունի Խորհրդային Միությունը-Tert.am): Եթե լինի համապատասխան դաշտ, կնվաճեն: Այսօր ճանաչվելու խնդիրն է, ոչ թե որակի խնդիրը, ո՞վ ասաց, որ ազգը չի ծնում, գենոֆոնդը կա»,-ասաց նա:
Նա ավելի հասկանալի լինելու համար նշեց, որ օրինակ՝ Մոսկվայի նկարչի կենտրոնական տան ցուցասրահում, որտեղ շուկա կա և նկարները հնարավոր է վաճառել, հնարավորություն կա ցուցահանդես բացելու, իսկ դահլիճի վարձը՝ 10 օրվա համար, արժե ընդամենը 300-350 եվրո:
«Համաշխարհային շուկան շատ բարդ է, մենք դժվարանում ենք մտնել, բայց որպես արվեստ, մեր արվեստը ոչ միայն մրցունակ է, այլ շատ ավելի բարձր է, պարզապես պետք է տեղ հասցնել»,- ասաց նա:










