Բաշար Ասադը կրկին հայտնվել է հանրության մեջ և այցելել Դամասկոսի մզկիթ
Երկարատև ընդմիջումից հետո, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր կրկին հայտնվել է հանրության մեջ և այցելել մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսում գտնվող մզկիթ, որտեղ անցկացվել է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված արարողություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես» գործակալությանը։
Գործակալության տվյալների համաձայն՝ նախագահը հայտնվել է արարողությանը երկրի հոգևոր առաջնորդների ուղեկցությամբ։ Միջոցառումը հեռարձակվել է սիրիական հեռուստաընկերությամբ։
Սիրիայի նախագահը հազվադեպ է հայտնվում հանրության մեջ, որով պարբերաբար հերքում է երկրից փախուստի մասին լուրերը։ Վերջին անգամ նա հրապարակային ելույթ է ունեցել հունվարի սկզբին։










