Ջուլիան Ասանժն իրեն նվիրված ֆիլմը «կեղծիք» է անվանել
Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հունվարի 23-ին քննադատել է իրեն նվիրված «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը, որն այժմ նկարահանում է Dreamworks ստուդիան, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Ֆիլմի մասին իր կարծիքն Ասանժն արտահայտել է Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետ տեսակապի ժամանակ։
Պատմելով, որ ինքը ստացել է ֆիլմի սցենարը, WikiLeaks-ի հիմնադիրը նշել է, որ իր կարծիքով՝ դա «ամբողջությամբ կեղծիք է» և «քարոզչություն»։
Ասանժը մեղադրել է նաև ֆիլմի ստեղծողներին՝ նշելով, որ նրանք Իրանի դեմ թշնամության «կրակի վրա յուղ են լցնում», քանի որ ֆիլմում կան ակնարկներ Իրանի միջուկային զենքի մշակման վերաբերյալ։ Բացի այդ, Ասանժն ավելացրել է, որ Իրանի միջուկային մշակումները ոչ մի կապ չունեն WikiLeaks-ի և նրա հիմնադրի հետ։
ԱՄՆ-ում ֆիլմը վարձույթում կհայտնվի 2013թ. նոյեմբերի 15-ին։
Նշենք, որ Ասանժն ամիսներ շարունակ թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։










