Արաբական երկրների լիգայի նախկին առաջնորդը Եգիպտոսին կոչ է արել ապաստան տրամադրել Ասադին
Եգիպտոսը կարող է օժանդակել սիրիական ճգնաժամի լուծմանը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ -Ասադին ապաստան առաջարկելով. ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Արաբական երկրների լիգայի նախկին քարտուղար Ամր Մուսան։
«Ինձ թվում է, որ այդ իրավիճակից դուրս գալը պահանջում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ նախագահ Ասադին և նրա ընտանիքին երաշխիքների տրամադրում, որպեսզի լքեն Սիրիան»,-ասել է նախկին պաշտոնյան։
Նա առաջարկել է, որ արաբական երկրներն Ասադին ապաստան տրամադրեն կամ քննարկեն նման հնարավորությունը։
«Առաջին ցանկում պետք է լինի Եգիպտոսը, որպեսզի այս խնդիրը լուծվի և Սիրիայում աղետն ավարտվի»,-ասել է Ամր Մուսան՝ «Աշ Շարք ալ-Աուսաթ» պարբերականին տված հարցազրույցում։
Դիվանագետը, ով Արաբական երկրների լիգան գլխավորել է 2001-2011թթ.-ին, ասել է, որ Մուհամեդ Մուրսիի նախաձեռնությունը՝ Սիրիայի հարցով «իսլամական քառյակ» ստեղծելու վերաբերյալ, ժամանակին չէր, քանի որ Սաուդյան Արաբիան պատրաստ չէր մասնակցել նման ձևաչափով։










