Ամերիկյան դատարանը Քեմերոնին պարտավորեցրել է ցույց տալ «Ավատար» ֆիլմի սցենարի սևագրերը

15:05 • 24.01.13

Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է գրագողության համար կասկածվող հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին ցույց տալ «Ավատար» ֆիլմի սցենարի սևագրերը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով LA Weekly-ին։


Դատավոր Ալան Ռոզենֆելդն այն եզակի մարդկանցից է, ով չի տեսել «Ավատար»-ը, և որոշում է կայացրել, որ Քեմերոնը պետք է հայցվոր Էրիկ Ռայդերի փաստաբաններին ներկայացնի սցենարի բոլոր սևագրերը։

 

Ռայդերը ռեժիսորի նկատմամբ հայցը ներկայացրել է դեռևս 2011թ.։ Նա վստահեցնում է, որ ֆիլմի համար հիմք է հանդիսացել իր 1999թ. գրված «K.R.Z.2068» պատմվածքը, և պատրաստվում է ռեժիսորից փոխհատուցում ստանալ։


««Ավատար»-ն իմ ստեղծագործության արդյունքն է։ Ի՞նչ կապ ունի Էրիկ Ռայդերը դրա հետ, ես չեմ պատկերացնում։ Բացի այդ, ես նրան երբեք չեմ տեսել, նրա հետ չեմ շփվել»,- մեղադրանքներին պատասխանել է Քեմերոնը։

 

Ռայդերն, իր հերթին, վստահեցնում է, որ հանդիպել է ռեժիսորի հետ Քեմերոնի Lightstorm Entertainment պրոդյուսերական ընկերությունում աշխատելու ընթացքում, որտեղ անցկացրել է 2 տարի (1996-98)։ Նրա խոսքով՝ «Ավատար»-ի պատմությունը շատ ընդհանրություններ ունի իր պատմվածքի հետ։


Իսկ Քեմերոնը, ընդհակառակը, բազմաթիվ անգամներ նշել է, որ «Ավատար»-ի սցենարը գրել է Ռայդերի՝ ընկերություն գալուց 5 տարի առաջ։