Լոնդոնի դատարանն «ապասառեցրել» է Բորիս Բերեզովսկու ակտիվները՝ $317 մլն–ի չափով
Լոնդոնի Բարձրագույն դատարանը հանել է գաղտնիության քողը բազմամիլիոնանոց դատական գործի վրայից՝ Բորիս Բերեզովսկու մասնակցությամբ. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Երեկ, երբ նախկին ռուս «օլիգարխը» նշել է իր ծննդյան 67-ամյակը, հրապարակվել են հունվարի 14-18-ին՝ փակ դռների հետևում անցկացված դատական նիստի մանրամասները։
Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, Բերեզովսկին դատավարության ընթացքում հասել է 200 մլն ֆունտ ստերլինգի (317 մլն դոլար) չափով ակտիվների «ապասառեցմանը»։
Այդ գումարը սառեցվել էր լոնդոնյան դատարանի կողմից՝ անցյալ տարվա դեկտեմբերին՝ նրա նախկին քաղաքացիական կնոջ՝ Ելենա Գորբունովայի պահանջով։
Բերեզովսկին, ով անցյալ տարի Լոնդոնում տանուլ էր տվել 6 մլն դոլարի հայցն ընդդեմ միլիարդատեր Ռոման Աբրամովիչի, ֆինանսների հետ կապված լուրջ խնդիրներ ունի։
«Բերեզովսկու տված ցուցմունքների հիման վրա երևում է՝ Բերեզովսկին ֆինանսական ճնշման տակ է։ Հավանական է, որ նա անհրաժեշտություն կունենա մարել գումարը վարկով»,-ասել է դատավոր Ջորջ Մաննը։
Նախկին օլիգարխի նախկին կինն ու նրա երկու երեխաների մայրը բաժանվելուց հետո դիմել էր դատարան՝ բողոքելով, որ չի ստացել խոստացված միլիոնները։










