Ադրբեջանը լրջորեն վնասում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. Էդվարդ Նալբանդյան

13:25 • 24.01.13

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր ամփոփելով 2012-ին ԱԳՆ կատարած աշխատանքը, հայտարարեց, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, այդ երկրի կողմից հրադադարի պարբերական խախտումները, սադրիչ գործողությունները Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին լրջորեն վնասեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացին, այլև վտանգեցին տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

 

«Բաքվի ապակառուցողական քայլերը համապատասխան բացասական արձագանք ստացավ միջազգային հանրության կողմից, ինչպիսինն էր Սաֆարովի գործարքը, որը միանշանակ դատապարտվեց ամբողջ աշխարհի կողմից»,- ասաց նախարարը:

 

Նախարարը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարևոր հատված հանդիսացող ԼՂ հարցի կարգավորման շուրջ 2012-ին վերահաստատվեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլև աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից:

 

«Դրա մասին էին վկայում 2012 թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, 2012 թ. հունիսի 19-ին Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը և 2012 թ, դեկտեմբերի 6-ին Դուբլինում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Երկրի գլխավոր դիվանագետի խոսքով ՀՀ ԱԳՆ–ն 2012–ին շարունակել է աշխատանքներն ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության։

 

Էդվարդ Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ ՀՀ նախագահի հանձնարարականներով` ԱԳՆ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից հետևողական աշխատանքներ են տարվել,
Հայաստանը շարունակել է ամրապնդել և զարգացնել իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, էական զարգացում է ապրել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերական հարաբերությունները, ինչպես նաև եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության և տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ:

 

«Հետևողական քայլեր են կատարվել Հայաստանի անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, միջազգային հանրությունը տարբեր առիթներով վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման աջակցությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

 

Եվրոպական երկրների հետ հարաբերություններում, նրա խոսքով, նշանավորվեց Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը, Ասոցացման համաձայնագրի և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

 

«Շարունակվել է ակտիվ ներգրավվածությունը ԱՊՀ շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը, քայլեր են ձեռնարկվել ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Կարևորվել է Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերությունները: Հետևողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:

 

ԱԳՆ ուշադրության կենտրոնում են եղել սիրիահայության անվտանգության ապահովումը և առաջացող խնդիրների լուծումը:

 

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ ՀՀ արտաքին ոլորտում աշխատանքները 2013-ին կտարվեն նույն ուղղություններով` մի տարբերությամբ, որ Հայաստանը այս տարի նախագահելու է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում և ՀՀ առաջնահերթությունները նախագահության ընթացքում հստակեցվելու են ապրիլին, քանի որ Հայաստանը իր պարտականությունները ստանձնելու է մայիսին: