Անշարժ գույքի հարկման օրենքում փոփոխությունները թերի են և ստիպում են ստվերում գործել. Արտյոմ Պրիբիլսկի

10:22 • 24.01.13

Անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների հարկման մասին օրենսդրական փոփոխությունները թերի են, և ոլորտում գործող ընկերությունների համար լուրջ դժվարություններ են ստեղծում՝ ստիպելով կա՛մ գործել ստվերում, կա՛մ էլ բռնել արտագաղթի ճամփան, ասում է անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին։


Նրա խոսքով՝ այս օրենքն ընդունող մարդիկ չեն անցկացրել խորը քննարկումներ, ուսումնասիրություններ չեն արել:


«Ես չգիտեմ այդ փոփոխությունների հեղինակը ով է, դեռ չենք պարզել, բայց ամեն դեպքում դա ռեալթորական ընկերություններին սարսափելի հարված է հասցրել, հիմա բոլորը շվարած մնացել են, չգիտեն ինչ անել: Ցավոք սրտի, այս օրենքը 2013-ի հունվարի 1-ից պետք է կիրառենք, դրա համար էլ մարդկանց հանում ենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Պրիբիլսկին:


Հիշեցնենք, որ անշարժ գույքի ոլորտում գործող կազմակերպությունները, որոնք նախկինում հարկվել են «Եկամտահարկի մասին» օրենքով և ամսական յուրաքանչյուր աշխատողի համար, կախված նրա աշխատավարձի չափից, վճարել 15-20.000 դրամ, այժմ պետք է հարկվեն «Արտոնագրային վճարների մասին» օրենքով, որի արդյունքում յուրաքանչյուր աշխատողի համար կվճարեն 60.000 դրամ հարկ, ինչը դժվարություններ է ստեղծում գործատուների համար։


«Երիտասարդները շատ էին ուզում մեծ ակցիա անել, հազիվ զսպում ենք, որ այդ տիպի ակցիաներ չլինեն: Մարդիկ կամ ստվեր են գնում, կամ միգրացիոն գործողություններ կլինեն, կամ ընկերություններ կձևավորվեն, որոնք մոնոպոլիստ դիրք կգրավեն շուկայում, իսկ մոնոպոլիայի դեմ պայքարել է պետք»,- ասաց Արտյոմ Պրիբիլսկին:


Օրենքի փոփոխության վերաբերյալ դժգոհությունը համախմբել է անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերություններին, որոնք միասին նամակ են գրել, որն այսօր կփոխանցեն ՀՀ նախագահին` խնդրելով, որպեսզի օրենքը վերանայվի։


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կասկադ ռեալթի» ընկերության տնօրեն Վարդան Ավագյանը, այս օրենքը շատ վտանգավոր է անշարժ գույքի շուկայի համար:


«Գործակալությունները, որ ունեն 10-20 աշխատող, ամսական պետք է վճարեն շատ մեծ գումար, և օրենքի մեջ նշված չէ, այդ 60 հազար դրամը տրվում է գործակալի՞ համար, իրավաբանի՞ համար, թե՝ վարորդի: Շուկայում առաջ կգան շատ մեծ քանակի սև գործ անողներ, որոնք կաղավաղեն շուկան»,- ասաց Վարդան Ավագյանը:


Նրա խոսքով՝ այս շուկան 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո դեռ չի կարգավորվել, գները անկում են ապրել, գործարքների թիվը կրճատվել է, և մարդիկ չեն կարողանում իրենց հացը վաստակել, էլ ուր մնաց այդ վճարումները կատարեն:


Անշարժ գույքով զբաղվող իմ քանի ընկերություն դիմել է նաև Կառավարությանը, որպեսզի իրենց հանեն այս օրենքով հարկվողների ցանկից, և ներառեն, օրինակ «Շրջանառության հարկի մասին» օրենքով հարկվողների ցուցակում:


Օրենքի փոփոխությունը, կարծես թե, չի անհանգստացրել ավելի փոքր ընկերություններին: «Պրեստիժ ռեալթի» ընկերության տնօրեն Գևորգ Ալոյանի խոսքով՝ պետության կողմից հարկային դաշտում շատ փոփոխություններ են կատարվել և անշարժ գույքի ոլորտը թեթևացված է հարկերից:


«Եթե օրենք կա, որ ընկերությունը աշխատողի համար 60 հազար դրամ պետք է մուծի, ի՞նչ վատ է որ, ընկերությունը բառադի աշխատող չի ունենա: Շուկա է, դիմանում ենք, չես դիմանում՝ թռնում ես դուրս»,- ասաց Գևորգ Ալոյանը: