Չեչնիայում սպանվել են դաշտային հրամանատարներ Գակաև եղբայրները
Լուսանկարում Հուսեյն Գակաևն է
Չեչնիայում սպանվել են դաշտային հրամանատարներ Մուսլիմ և Հուսեյն Գակաև եղբայրները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով այդ երկրի նախագահ Ռամզան Կադիրովի հայտարարությունը:
«Հանրապետության Վեդենսկի շրջանում երկրորդ օրն է անցկացվում են ապօրինի զինված խմբավորումների հայտնաբերման, արգելափակման և ոչնչացման ինտենսիվ միջոցառումներ: Զինված բախումների հետևանքով ոչնչացվել է 11 գրոհային: Նրանց թվում են ավազակային խմբավորումների հայտնի հրամանատարներ Հուսեյն և Մուսլիմ Գակաևները»,-ասված է Կադիրովի կայքում:
Ավելի վաղ Կադիրովն ասել էր, թե Գակաև եղբայրները Գրոզնու ահաբեկչության հնարավոր կազմակերպիչներն են, որի հետևանքով 4 մարդ էր զոհվել 2012-ի օգոստոսի 6-ին: Գակաև եղբայրները Չեչնիայում իսլամիստական շարժման հայտնի գործիչ Դոկու Ումարովի ամենամոտ աջակիցներն էին:










