Ճապոնացի գիտնականները կարողացել են ստեղծել երիկամային հյուսվածքներ
Կիոտոյի համալսարանի ճապոնացի գիտնականներին ցողունային բջիջներից հաջողվել է ստանալ հյուսվածքներ, որոնցից կազմված են մարդու երիկամները: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով «Ջփան թայմս» թերթին:
Ճապոնացի գիտնականները ցողունային բջիջներին ավելացրել են որոշակի նյութեր, և 11 օր տևած աճեցման արդյունքում 90% դեպքերում ստացել են մեզոդերմիկ հյուսվածքներ, որոնցից էլ հիմնականում կազմված են երիկամները:
Ըստ թերթի տվյալների՝ գիտնականները մտադրված են ստուգել արդյո՞ք լավ են գործում հյուսվածքները, թե ոչ, որից հետո կսկսեն ստեղծել երիկամային հյուսվածքների այլ տարբերակներ:
Թերթը նշում է, որ իրենց բարդ կառուցվածքի պատճառով երիկամները դժվար են վերականգնվում ծանր վնասվածքներից հետո: Դրա համար երիկամների անբավարարությամբ տառապող հիվանդները ստիպված են պարբերաբար անցնել հատուկ բուժում:
Ճապոնացի գիտնականների այս հայտնագործությունը հնարավորություն կտա ստեղծել երիկամային հյուսվածքներ, ինչը կարող է օգտագործվել երիկամների փոխպատվաստման ժամանակ:










