Ընտրվել է Երուսաղեմի հայոց եկեղեցու նոր պատրիարքը

16:28 • 24.01.13

Արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանն ընտրվել է Երուսաղեմի հայկական եկեղեցու 97-րդ պատրիարք, հայտնում է Daily Star-ը՝ վկայակոչելով France Presse-ին:

 

65-ամյա Մանուկյանն այդ պաշտոնում փոխարինել է Թորգոմ Մանուկյանին, ով կյանքից հեռացել է 2012-ի հոկտեմբերին՝ 93 տարեկանում:

 

Նոր պատրիարքը կայցելի Իսրայելի, պաղեստինյան տարածքների և Հորդանանի փոքրաթիվ հայ համայնքներ, ինչպես նաև կստանձնի մի շարք սրբավայրերի պատասխանատվությունը, այդ թվում՝ Բեթղեհեմի Սբ Ծննդյան եկեղեցու:

 

Մանուկյանն ընտրվել է 17 ձայնով. նրա մրցակից, ժամանակավոր պատրիարք արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը 15 ձայն էր ստացել: Նրա ընտրությունը պետք է հաստատի Իսրայելը և Հորդանանի թագավորը:

 

Նուրհան Մանուկյանը ծնվել է Հալեպում, 1948-ին, կարգը ստացել է Երուսաղեմում՝ 1971-ին:

Երուսաղեմում մոտ 2000 հայ է ապրում: 1948-ին այդ թիվը 16 000 էր, երբ ստեղծվեց Իսրայել պետությունը: