Նման ֆիլմ մեկ էլ եղել է Մխիթար Սպարապետը. Արտաշես Ալեքսանյանը՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին (տեսանյութ)
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ֆիլմի շուրջ սոցիալական ցանցերում այս օրերին ակտիվորեն քննարկվող և տարածվող «Я Гарегин Нжде» «խորագրով» տեսանյութերից ու խոսակցություններից մի բան է հասկացել, որ «ամեն հայերեն խոսացող հայ չի և ամեն սև բան Օթելլո չի»։
«Երբ որ քո թշնամին իր մարդասպանին դարձնում է ազգի հերոս, իսկ դու քո հերոսի անվան հետ ես խաղում, դա սրբապղծություն է, դավաճանություն։ Ինչ ուզում ա լինի, դու քո հերոսին պետք ա բարձրացնես։ Ինչքա՞ն կարելի ա թուրքերի ջրաղացին ջուր լցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Բացի այդ, դերասանը զարմանում է, որ ֆիլմը դեռ էկրան չբարձրացած, նման կարծիք են հայտնում։ «Իմ համոզմամբ՝ հոյակապ, գերազանց ֆիլմ է։ Նման ֆիլմ մեկ էլ եղել է Մխիթար Սպարապետը։ Այդ տեսակ նկարահանումներ, նման ազգանվիրվածության մասին ֆիլմ։ Մենակ այն չի, որ Արցախյան պատերազմի ժամանակ գնում ես առաջին գիծ ու կրակում ես, կամ գրվում ես մահապարտ ու գնում ես պատերազմի դաշտ։ Սա ևս հավասար է մահապարտների ջոկատի։ Այս տեսակ բան 80-90 տարիների մեջ ո՞վ էր տեսել։ Մեկ էլ Դավթի Բեկն էր, այն էլ վերջում, որ ռուսները գան, որ թույլատրվեց նկարահանվեր»,- ասաց նա։
Արտաշես Ալեքսանյանը հավատացրեց, որ նույնիսկ, երբ ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, արդեն իսկ իր առջև դրված նպատակին հասել է։ «Դեռ ֆիլմը դուրս չի եկել, բայց ես համարում եմ, որ մենք մեր նպատակին հասել ենք, այսինքն՝ մեր միսիան կատարել ենք։ Բացատրեմ, թե ինչու, առաջին «թրեյլերը», որ գնում էր, ձյուն էր գալիս, երեխաները ձնագնդիկ են խաղում, ինքը ձնից գունդ է սարքում ու ասում ա՝ «Я Гарегин Нжде» ու խփում ա։ Ես հասել եմ, այսինքն՝ ամբողջ ստեղծագործական կազմը հասել է նպատակին, որ մատաղ սերնդի մեջ հասունացրեց այդ զգացումը, որ ինքը հայ է ու Նժդեհն է»,- ասաց նա և ավելացրեց, որ դա դեռ միայն ծաղրի ենթարկված թրելյերը. «Բա որ ֆիլմը տեսնեք»։
Արտիստը չի կարծում, որ դա հետևանք է այն բանի, որ Հանրապետական կուսակցությունը Նժդեհի անունը տեղի-անտեղի շահարկում է։ «Կուսակցությունը այդտեղ բան չունի։ Մարդիկ չեն կարդացել, գոնե կինոն դուրս է եկել, նայեք, իմացեք։ Փառք Աստծո, որ այդ կուսակցությունը թույլատրեց այդ ֆիլմը նկարահանվեր։ Ասեք, որ կուսակցությունն է թույլ տվել այսքան ժամանակ»,- ասաց նա։ Արտաշես Ալեքսանյանը հավատացրեց նաև, որ ֆիլմը նախընտրական ծրագրի հետ կապ չունի և դա գեղարվեստական ֆիլմ է։
Իսկ եթե ծաղրն ուղղված էր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին, ապա Արտաշես Ալեքսանյանը դեմ չէ, որ մեկ ուրիշը նկարի ու ասի, թե ինչպես է լինում Նժդեհին նվիրված իսկական ֆիլմը։ «Հեշտ է՝ խոսեն, բայց գործ չանեն։ Ո՞ւմ ձեռքից են բռնել, գնա գումարը ճարի, նկարի, ասա՝ գիտես ինչ կա, այ սենց ա պետք Գարեգին Նժդեհ նկարել»,- ասաց նա։
Հարցը, թե դերասանն ինչքան է ծանոթ Նժդեհի գաղափարախոսությանը, Արտաշես Ալեքսանյանը տեղին չհամարեց. «Ամոթ չի՞, որ տենց հարց եք տալիս։ «Վափշե տը» Նժդեհի գաղափարախոսությունը պետք է Աստվածաշնչի պես միշտ ձեռքի տակ ունենալ, որ բացեն կարդան, բացեն ու սերտեն ուսումնասիրեն»,- ասաց նա։
Ի դեպ, նշենք, որ դերասանը ասուլիսին եկավ ուշացած և նշեց, որ ուշանալու պատճառը ճանապարհի ավտովթարն էր, և մարդկանց օգնություն ցույց տալուց հետո էր միայն եկել ասուլիսի։










