Ուկրաինան պատրաստ է ՌԴ ուղարկել Դեդ Հասանի իրավահաջորդին. ԶԼՄ-ներ

12:33 • 24.01.13

Քրեական հեղինակություն Օմար Բեկաևը (մականունը՝ Օմար Ուֆիմսկի), ով փոխարինելու է Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Դեդ Հասանին, Ուկրաինայում ազատ է արձակվել, որպեսզի տեղափոխվի Ռուսաստան, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը։
 

56-ամյա ռուս «օրենքով գող» Օմար Բեկաևը հունվարի 22-ին ազատ է արձակվել, սակայն անմիջապես ձերբակալվել է Օդեսայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։


«Օմար Բեկաևին ձերբակալել են՝ Ռուսաստան արտահանձնելու համար։ Արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը»,-ասել է ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մամուլի քարտուղար Իրինա Լեմեշևան։

 

Օմարը ձերբակալվել էր 2009թ.-ի դեկտեմբերի 7-ին, 4 չեչենների հետ, Օդեսայի կայարանում։ Նրա մոտ հայտնաբերվել էր անձնագիր՝ Ալմաթիի բնակչի անուն- ազգանունով, ինչպես նաև 1909թ.-ի արտադրության 6,35 մմ տրամաչափի Steyr Mod զենք։ Չնայած հնությանը՝ ատրճանակը մարտական վիճակում է եղել՝ լիցքավորված 4 փամփուշտով։
 

«2011թ.-ին նրան պետք է արտահանձնեին Ռուսաստանին։ Սակայն դա չէր կայացել, քանի որ Օմարը տեղեկություն էր ստացել իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին։ Նրան պետք է սպաներ Ասլան Դիկաևը, ով այդ սպանության համար 1 մլն դոլար էր ստացել։ Օմարն այդ տեղեկությունն ուղարկել էր ոստիկանության «իր» մարդկանց, ովքեր էլ Օդեսայում ձերբակալել էին քիլլերին», -պատմել է քրեական շրջանակների աղբյուրը։
 

Աղբյուրի խոսքերը հաստատում է ՌԴ իրավապահների տարածած տեղեկությունն այն մասին, որ Օմար Ուֆիմսկին ՌԴ քրեական աշխարհում Դեդ Հասանից հետո 3-րդ տեղն էր զբաղեցնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա արտահանձնումից հետո Ռուսաստանում հերթական պատերազմը կսկսվի՝ քրեական հեղինակությունների իշխանության համար։