Ստոմատոլոգները հանրահավաք կանեն, և առաջարկում են վերանայել օրենքը
Մի խումբ ստոմատոլոգներ հանդես են եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում են, որ հունվարի 26–ին Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունենալու համահանրապետական ստոմատոլոգների հանրահավաք, որի ժամանակ նախաձեռնելու են ստորագրահավաք՝ ՀՀ կառավարության նախաձեռնած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ պահանջով։ Բացի դրանից՝ ստոմատոլոգները առաջարկում են իրենց փոփոխությունները։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է՝
«2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ (այսուհետև՝ ՕՐԵՆՔ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ, ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Վերանայել արտոնագրային վճարի դրույքաչափերը և սահմանել 30 000 ՀՀ դրամ դրույքաչափ առաջին գոտում՝ կիրառելով համապատասխան գործակիցներ այլ գոտիների համար: Չհարկել կլինիկաներին կից ռենտգեն դիագնոստիկ ծառայությունը, որը հիմնավորված չի հանդիսանում առանձին ծառայության ոլորտ՝ դրամական անկախ հոսքերով:
2. Կլինիկաներին կից գործող ատամնատեխնիկական լաբորատորիաները չհարկել, եթե այն չի հանդիսանում հիմնավորված առանձին ծառայություն՝ դրամական անկախ հոսքերով:
3. Մասնագիտացված(առանձին) ատամնատեխնիկական լաբորատորիաներին հարկել ըստ հրամանագրված մասնագետների (ատամնատեխնիկների):
4. Կլինիկաներում նախատեսել առաջնային զննման աթոռ: Առաջնային զննման համար նախատեսված աթոռը չհարկել:
5. Եթե կլինիկան հանդիսանում է ուսումնապրակտիկ բազա՝ համապատասխան պայմանագրային հիմքով, ուսումնապրակտիկ գործունեության համար նախատեսել աթոռ, որը ենթակա չէ հարկման:
6. Կիրառել 0,5 գործակից մանկական ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կլինիկաների համապատասխան աթոռների համար:
7. Պահանջվում է որևէ որոշում ընդունելուց առաջ, քննարկումներին մասնակից դարձնել ոլորտում գործող բոլոր հասարակական կառույցները.
Ա) ՀՀ ԱՆ Գլխավոր ստոմատոլոգի ինստիտուտը:
Բ) Բոլոր ստոմատոլոգիական ասոցիացիաները:
Գ) Ոլորտի հետ առնչվող պետական գրանցում ունեցող այլ հասարակական կառույցները:
Դ) Ստոմատոլոգների շրջանում ժամանակավրեպ ՕՐԵՆՔԻ քննարկումների համակարգող, նախաձեռնող խումբ:
Ստոմատոլոգիական բուժօգնության հարկման օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծ.
1. Վերացնել «բազկաթոռի հարկ» հասկացությունը. Մտցնել «բժշկի դրույքաչափ» հասկացությունը և հարկել բժշկի դրույքաչափը: (Ընդունված «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ (այսուհետ՝ ՕՐԵՆՔ) հարկելով «անշունչ» ստոմատոլոգիական բազկաթոռը՝ ստիպված ենք կլինիկաներում զմրսել «ավելորդ» բազկաթոռները: Նոր առաջարկված տարբերակի դեպքում վերանում է դրա անհրաժեշտությունը: Տարբեր բազկաթոռներ ունեն տարբեր հագեցվածություն, և դա թույլ կտա բժիշկներին տարբեր բազկաթոռների վրա անկաշկանդ կատարել իրենց մասնագիտական պարտականությունները ըստ հայտարարագրված դրույքաչափի և մասնագիտության պահանջների):
2. Սահմանել նվազագույն դրույքաչափ 0,5 դրույք, կիրառել հարկադրույք 10000 ՀՀ դրամ:
3. Կիրառել գործակիցներ ըստ մասնագիտական ստաժի՝ 1-5 տարի ստաժի դեպքում՝ 0.5 գործակից (ՕՐԵՆՔՈՒՄ չէին խրախուսվում երիտասարդ բժիշկների մասնագիտական գործունությունը):
4. Մասնագետներին հրամանագրել ըստ դրույքաչափերի, որտեղ 0,5 դրույքը հավասարեցնել 3 աշխատանքային ժամին: Պայմանագրի մեջ նշել կոնկրետ աշխատաժամերը, մասնագիտությունը, ենթադրվող մասնագիտական գործնեությունը (մանկական, թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական, օրթոդոնտիկ, իմպլանտոլոգիական, ընդհանուր ստոմատոլոգիական ընդունելություններ):
5. Կիրառել գործակիցներ՝ ըստ հայտարարագրված մասնագիտական գործունեության տեսակի (ՕՐԵՆՔՈԻՄ չէր դրվում տարբերություն, թե ինչ մասնագիտական գործունեություն է իրականացվում տվյալ աթոռի վրա և ինչ շահութաբերություն է այն ապահովում): Մենք առաջարկում ենք հետևյալ գործակիցները՝ ըստ ստոմատոլոգիական գործունեության ոլորտների.
Ա) Մանկական ստոմատոլոգիա-0,5:
Բ) Թերապևտիկ ստոմատոլոգիա – 1:
Գ) Օրթոպեդիկ ստոմատոլոգիա -1.2:
Դ) Վիրաբուժական ստոմատոլոգիա – 1:
Ե) Օրթոդոնտիա – 1:
Զ) Իմպլանտոլոգիա – 1.3:
Է) Ընդհանուր ստոմատոլոգիա(առանց իմպլանտոլոգիայի)-1,3:
Ը) Ընդհանուր ստոմատոլոգիա ( ներառյալ իմպլանտոլոգիան)- 1,5:
6. Կիրառել տարածքային դասակարգման գործոն՝ ըստ կադաստրային գոտիների (ՕՐԵՆՔԻ համեմատ ավելի մանրակրկիտ մշակել):
7. Կիրառել զրոյական դրույքաչափ կլինիկական օրդինատորների և բժիշկ-ինտերնների համար. կլինիկաները պետք է ներկայացնեն հիմանավորող փաստաթուղթ որևէ բժշկական ԲՈՒՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսումնապրակտիկ բազա հանդիսանալու վերաբերյալ:
8. Հարկել ատամնատեխնիկական լաբորատորիաները՝ ըստ հրամանագրված ատամնատեխնիկների դրույքաչափերի. 3 աշխատանքային ժամն ընդունել 0,5 դրույք, որի համար նշանակել 10000 ՀՀ դրամ հարկադրույք: Սույն դրույթը խրախուսում է ստոմատոլոգիական բուժման որակի բարձրացմանը և գործունեության տարածքային համամասնական զարգացմանը:
9. Վերահաշվարկել արտոնագրային վճարը ըստ օրերի՝ հրամանագրված բժշկի, ատամնատեխնիկի հիվանդության, արձակուրդի դեպքերում՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պարագայում:
10. Հայտարարագրումն իրականացնել ամսվա սկզբում, վճարումն իրականացնել ամսվա վերջում՝ համապատասխանաբար հաշվի առնելով փաստաթղթերով հիմնավորված հանգստի, հիվանդության պատճառներով չաշխատած օրերի պարապուրդը:
Օրենքի փոփոխությունների առաջարկվող նախագիծը միանշանակ կավելացնի բյուջեի մուտքերը, քանի որ հիմնված է մասնագիտական համապարփակ վերլուծական եզրակացության և տնտեսական հաշվարկների վրա: Տվյալ նախագծում հաշվի է առնվում նաև բարոյահոգեբանական և բարոյաէթիկական գործոնները, որոնցով ընդունված ՕՐԵՆՔՈՒՄ բժիշկ-ստոմատոլոգները նույնականացվում են անշունչ առարկաների՝ ստոմատոլոգիական բազկաթոռների հետ:
Նշում ենք, որ ԱԺ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ստոմատոլոգիական բուժօգնության վերաբերող դրույթներին կտրականապես դեմ ենք, առաջարկված մեղմացումների փաթեթը կրում է ժամանակավոր բնույթ, մինչև կընդունվի մեր կողմից առաջարկված օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումները՝ հիմնված մասնագիտական վերլուծության վրա:
26.01.2013 ՀՀ Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունենալու համահանրապետական ստոմատոլոգների հանրահավաք: Եթե դեմ եք ընդունված պետության կողմից ՕՐԵՆՔԻՆ և կողմ եք առաջարկված փաթեթի ընդհանուր դրույթներին, խնդրում ենք ներկայանալ հանրահավաքին:
Գրանցվել
Պարտադիր ունենալ անձնագիր և մասնակցել ստորագրահավաքին
Հանրահավաքի մուտքը անվճար է»։










