Ավելի քան 70 սիրիահայի ՀՀ անձնագիր է հանձնվել Սիրիայում ՀՀ դեսպանատանը
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում 2013թ. հունվարի 24-ին հանդիսավոր պայմաններում Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան 70 նորընծա ՀՀ քաղաքացիներին հանձնեց իրենց անձնագրերը, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա նա ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթել է հաջողություն և խաղաղություն։
Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաև Դամասկոսահայ միությունների ղեկավարներ և այլոք:
Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ելույթ են ունեցել հոգևոր առաջնորդները, ովքեր բարձր են գնահատել սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը` խորին երախտագիտություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հոգևոր հայրերը հույս են հայտնել, որ Հայրենի իշխանությունները կշարունակեն իրենց հոգատար վերաբերմունքը սիրիահայ համայնքի հանդեպ, որի կարիքը նա, հիրավի, մեծապես զգում է այս ծանր պահին:










