Տիմոշենկոն անձամբ ճանաչել է պատգամավոր Շչերբանիայի սպանության կազմակերպիչներին.Ուկրաինայի գլխավոր դատախազություն

14:00 • 24.01.13

Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ապացույցներ ունի, որոնք վկայում են, որ երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն անձամբ ծանոթ է եղել պատգամավոր և գործարար Եվգենի Շչերբանիայի սպանության կազմակերպիչների հետ։ Այս մասին հայտնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինին։

 

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն կասկածվում է նաև 1996թ. նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի հետ Շչերբանիայի սպանությունը պատվիրելու համար։ Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա Տիմոշենկոյին կսպառնա ցմահ ազատազրկում։

 

«Մենք գիտենք երբ և ում հետ է նա հանդիպել այդ գործով։ Նա անձամբ է ծանոթ եղել (քրեական հեղինակություն) Միլչենկոյի հետ, ով միջնորդի դեր է ստանձնել սպանության կազմակերպման հարցում, ինչպես նաև քիլլերների խմբի ղեկավար Կուշնիրի հետ, որի հանցախումբն էլ իրականացրել է Շչերբանիայի սպանությունը»,- ասել է Կուզմինը։

 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու սպանության դիմաց նախատեսված գումարը վճարվել է պատվերը կատարելուց միայն 6 ամիս հետո, Կուզմինը նշել է, որ դա կապված է այն բանի հետ, որ Լազարենկոն ու Տիմոշենկոն սկզբում որոշել են ընդհանրապես չվճարել։ Սակայն երբ Տիմոշենկոյի հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել հանցագործների կողմից, նա որոշել է վճարել։