ԱՄՆ սենատորները Քլինթոնին հիստերիայի են հասցրել Լիբիայի ողբերգության քննարկման ժամանակ

01:06 • 24.01.13

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումները, որոնց ժամանակ քննարկվում էր Լիբիայի Բենգազի քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները և դեսպան Քրիս Սթիվենսի սպանությունը, վերաճել են պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի և Սենատի վերին պալատի անդամների միջև աղմկալի խոսքակռվի, հաղորդում է rbc.ru-ն:


Թեժացած բանավեճի գագաթնակետն էր Քլինթոնի և սենատոր Ռոն Ջոնսոնի միջև խոսակցությունը, ով մի քանի անգամ կրկնել է հարցը` թե ինչո՞ւ է Պետդեպը մոլորության մեջ գցել ԱՄՆ ժողովրդին՝ պատմելով, թե Բենգազիում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների, այն դեպքում, երբ իրականում խոսք է գնում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության դեմ նախապես ծրագրված, կանխամտածված հարձակման մասին:


Քլինթոնը սկզբում փորձում էր բացատրել, որ Պետդեպի աշխատակիցները ժամանակ չեն ունեցել պարզել, թե ինչ է կատարվում Բենգազիում, ապա պատմել է, թե իր մոտ կասկած չի եղել, որ դեսպանատունը գրոհել են իսլամիստ գրոհայինները:


Իսկ երբ սենատոր Ջոնսոնը 4-րդ անգամ է ընդհատել պետքարտուղարին և նույն հարցը տվել, այդ ժամանակ Քլինթոնը հունից դուրս է եկել:


Պետքարտուղարը սկսել է ձեռքերը թափահարել, բռունցքներով սեղանին հարվածել և ի վերջո հայտարարել է, թե որևէ նշանակություն չունի, այն, թե դեսպանատան մոտ ցույց կար, թե «որևէ մեկը դուրս էր եկել փողոց 4 ամերիկացու սպանելու մտադրությամբ»: «Ինչ տարբերություն, մեզ պետք է հանգամանքները պարզել և մարդասպաններին պատասխանատվության ենթարկել», - հայտարարել է նա:

 

Քլինթոնի բացատրությունները չեն բավարարել սենատոր Ջոն Մըքեյնին, ով փորձել է իր հարցերով ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավարին ստիպել կատարվածում իր մեղավորությունը զգալ:
Քլինթոնը խուսափել է սենատորների լարած «թակարդներից», սակայն պատմել, որ զգացել է կորստի ցավն ու դառնությունը, երբ զոհվել են դիվանագետները և նրանց մարիմինները ԱՄՆ են տեղափոխվել: