Վահագն Չախալյանն ազատ է արձակվել (թարմացված, լուսանկարներ)
Վրաստանի դատարանը վերանայել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճիռը և ազատ արձակել նրան, այս մասին Tert.am-ին հայտնեց «Երկիր» միության հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը։
Վահագն Չախալյանը բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել վրացական լրատվամիջոցներին և ուղևորվել Թբիլիսի՝ հանդիպելու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, այնուհետև վերադառնալու է Ախալքալաք՝ իր ծննդավայր։
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով:
Նշենք, որ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Tert.am—ին ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վահագն Չախալյանը կազատվի այսօր։ Նրան այդ մասին հայտնել էր Վահագն Չախալյանի եղբայրը:
«Եվ ընթերցվել է նոր վճիռ, որի համաձայն նա ազատ է արձակվում: Եվ առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի»,- ասել էր Շիրակ Թորոսյանը:
Ավելի ուշ «Հայատուն» մշակութային կենտրոնի համակարգող Լևոն Չիթիրյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ վիրահայերը Վահագն Չախալյանին՝ հոգևոր դասի և սրբազանի գլխավորությամբ սպասում են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում։
«Ցնծության մթնոլորտ է, շատ ուրախ ենք, որովհետև 4, 5 տարի է՝ սպասում էինք, որ ազատ արձակվի, և վերջում կատարվեց այդ ամենը»,- ասաց նա։
Նշենք, որ Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցի ժամանակ պատասխանելով հայ պատգամավորների հարցադրումներին «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռուսլան Պողոսյանը հավաստիացրել էր, որ թեպետ համաներումը չի տարածվել Վահագն Չախալյանի վրա, սակայն լուծումներ կգտնվեն:
Լուսանկարները՝ «Հայարտուն» մշակութային կենտրոնի










