ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Լատվիա
ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը hունվարի 23-ին Լատվիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Էդգարս Րինկևիչսի հետ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը ստացել է պարբերական, առարկայական և արդյունավետ բնույթ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարել Հայաստան-ԵՄ հարաբերություններին:
Զոհրաբ Մնացականյանը նախարարին ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության ձեռքբերումներն ու իրականացվելիք քայլերը մինչև Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը:
Կարևորվել է 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանակներում երկկողմ համագործակցության խորացումը:
Նախարարի հետ հանդիպմանը հաջորդել են քաղաքական խորհրդակցությունները Լատվիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Անդրեյս Պիլդեգովիչսի հետ:
Հանդիպման ընթացքում համաձայնեցվել է 2013թ. երկկողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև ծավալուն քննարկումներ են տեղի ունեցել բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:
Այցի շրջանակներում քննարկումներ են անցկացվել Լատվիայի Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ` Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի, ԵՄ-Լատվիա-Հայաստան փոխգործակցության վերաբերյալ:
Լատվիական կողմը ներկայացրել է Լատվիայի և Հայաստանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության վերաբերյալ ուշագրավ առաջարկներ:
Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) փոխխոսնակ Անդրեյս Կլեմենտյևսի հետ, որի ընթացքում արծարծվել է խորհրդարանական համագործակցության ժամանակացույցը:
Լատվիայի Սաեյմայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինշի, ինչպես նաև Լատվիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Իգոր Կլեմենտյևի հետ:










