Սուրբ Սարգսի տոնական միջոցառմանը Անդրեն և Մհերը չեն երգի

17:55 • 25.01.13

Սուրբ Սարգսի տոնի առիթով Երևանի Կարապի լճի տարածքում այսօր ժամը 19.00-ին նախատեսված բացօթյա միջոցառմանը երգիչ Անդրեն և Մհերը ելույթ չեն ունենա, այսօր Արարատյան հայրապետական առաջնորդարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։ 


«Ոչ, Անդրեն և Մհերը չեն լինի»,– ասաց նա և ավելացրեց.«Նրանք երբևէ չեն մասնակցել Ս. Սարգսի տոնական միջոցառմանը»։


«Երբ որ մասնակցության հարցը լինի, մենք կիմանանք, թե պատճառներ կան չմասնակցության համար»,-ասաց նա՝ ավելացրեց, որ նրանք ոչ թե չեն մասնակցել, քանի որ որոշակի պատճառներ կան, այլ պարզապես չեն մասնակցել։


Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Անդրեն և Մհերը աղանդավորական շարժման անդամներ են, ինչը նաև նրանք չեն հերքել։


Հանդիպմանը ներկա համերգավար Արտավազդ Ամիրյանը տեղեկացրեց, որ համերգին ելույթ կունենան երգիչներ Աննա Խաչատրյանը, Արման Հովհանիսյանը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը, «Ծաղկազարդ» խումբը և «Արարատ» երգչախումբը։


Համերգային ծրագրում կլինեն ուրախ երգեր ու պարեր, դիսկոտեկ, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ՝ մրցանակներով, աղաբլիթներ, բացիկներ, փուչիկներ բոլոր ներկաների համար: