Հույն հատուկջոկատայիններն Աթենքի մետրոյի գործադուլը փորձել են ընդհատել գրոհով

18:00 • 25.01.13

Աթենքի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները գրոհել են Աթենքի մետրոպոլիտենի դեպոն, հայտնում է RBC Daily-ն:

 

Այսկերպ նրանք փորձել են դադարեցնել գործադուլը, որը շարունակվում է արդեն 9 օր և կաթվածահար է արել Հունաստանի մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը:

 

Գրոհման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հունաստանի կառավարությունը հայտնել է, թե հարկավոր է պատասխանատվության ենթարկել գործադուլավորներին:

 

Դեպոն գրոհելու համար ոստիկանները հաղթահարել են նախօրեին դրա շուրջը բարձրացված բարիկադները: Գրոհի ժամանակ գործադուլավորները գրեթե դիմադրություն ցույց չեն տվել:

Աթենքի մետրոյի և ավտոբուսի վարորդների գործադուլը կապված է կառավարության որոշման հետ՝ խնայողության նպատակով վերանայել աշխատանքային պայմանագրերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է աշխատավարձերի 25 տոկոսով կրճատում: