Ադրբեջանցիների զավեշտալի արձագանքն Ալիևի` 2012թ-ի ամենակոռումպացված մարդ ճանաչմանը
«Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնը (OCCRP, կենտրոնակայանը` Սարաևո) յուրաքանչյուր տարի բազմաթիվ հոդվածներ է հրապարակում կոռուպցիայի վերաբերյալ: Այդ հրապարակումներից քչերն են սակայն արժանանում այնպիսի բուռն արձագանքի, որը եղավ, երբ կենտրոնը 2012թ-ին կազմակերպված հանցավորության ու կաշառակերության ոլորտում «Տարվա մարդ» ճանաչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկային եվրոպական ծառայությունը:
Հիշեցնենք, որ կենտրոնը «Տարվա մարդ» կոչումը «շնորհել էր» Ալիեւին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա անունը 2012թ-ին ամենաշատն էր հիշատակվել կոռուպցիայի և հանցավորության մասին նյութերում եւ հաղորդումներում:
Փորձագետները նամակների «տեղատարափ»-ը բնութագրում են որպես «սփամ-հարձակում», որը կազմակերպվել է Ալիեւի կողմնակիցների կամ հենց իշխանությունների կողմից:
Կենտրոնի համակարգչային մասնագետ Դան Օ"Հյուգինն ուսումնասիրել ու պարզել է, որ նամակների 5-10 տոկոսը ստացվել են ավտոմատացված սերվերներից, իսկ մնացած մասն ուղարկել են «առանձին մարդիկ»` կտրել- պատճենել-փակցնել (cut-copy-paste) տարբերակով:
Հաղորդագրությունները հիմնականում «չեզոք» բովանդակություն են ունեցել (հավանաբար կասկածի տեղիք չտալու համար)` «Մենք սիրում ենք մեր նախագահին ու հիացած են այն առաջընթացով, որին հասել է մեր երկրիրն անկախությունից ի վեր:
Իսկ Ադրբեջանի իշխանություններն իրականում կապ են ունեցել «հաղորդագրությունների տեղատարափ»-ի հետ: Ադդրբեջանցի հայտնի բլոգեր Հեբիբ Մունթեզիրն օրեր առաջ սկանդալային գրառում է արել իր բլոգում: Նա գրել էր, որ Ադրբեջանի կրթության նախարարությունը հրահանգել է երկրի բոլոր ուսուցիչներին ու ուսանողներին Ալիեւին գովերգող նամակներ գրել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնին եւ «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությանը, որն առաջինն էր հրապարակել Ադրբեջանի նախագահի մասին հոդվածը:
Բլոգերը նույնիսկ համացանցում էր զետեղել նամակի օրինակը` ադրբեջաներենով, անգլերենով եւ ռուսերենով, եւ այն էլեկտրոնային փոստի հասցեները, որոնց պետք է ուղարկվեին նամակները:
Վաշինգտոնի համալսարանի դասախոս Քեյթի Փիրսն էլ (ուսումնասիրում է համացանցային տեխնոլագիաների օգտագործման ծավալները հետխորհրդային երկրներում) կարծում է, որ «սփամ-հարձակման» միջոցով Ադրբեջանի կառավարությունը մեկ այլ նպատակ էլ է հետապնդում` փորձում է «վերահսկել» ու այսպես կոչված «հավասարակշռել» Ադրբեջանի վերաբերյալ` համացանցում հայտնվող նյութերը:
Փիրսի խոսքով`մինչեւ վերջին ժամանակները Ադրբեջանի ընդդիմությունը գրեթե անսահմանափակ ազատություն է ունեցել համացանցում, եւ սոցիալական ցանցերն այդ երկրում եղել են միակ վայրը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր ազատ արտահայտել իր կարծիքը երկրի քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Փորձագետի կարծիքով՝ վերջին մեկուկես տարվա ընթաքում, սակայն, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ակտիվացել են «իշխանամետ ուժերը», որոնք ամեն կերպ փորձում են հակազդել ընդդիմադիրներին: Նրանք ընդդիմադիր օգտատերերին պատասխան-նամակներ են ուղարկում, պարբերաբար դիմում են «Ֆեյսբուք»-ի ղեկավարությանը` խնդրելով հեռացնել այս կամ այն «ընդդիմադիր կարգավիճակը», հրապարակումը: Փիրսը, սակայն, պարզել է , որ այդ նամակներն ընդդիմադիրներին ուղարկվում են մեկ սերվերից, ավտոմատցված ծրագրի միջոցով:
Ռադիոկայանը եզրափակելով մեջբերում է Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի ուսումնասիրման կենտրոնի խմբագիր Դրյու Սալիվանի այն խոսքերը, թե «ադրբեջանական կողմն իր այդ պահվածքով փորձել է վախեցնել կենտրոնին, խոչընդոտել աշխատանքը: Դա, սակայն, նրանց չի հաջողվելու»:










