Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանում իրավիճակը հանգիստ է. զորքը, սակայն, շրջափակել է շրջանի ղեկավարի նստավայրը

18:20 • 25.01.13

Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում իրավիճակը հանգիստ է: Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ` այսօր քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն Ադրբեջանի ՆԳՆ-ի հասարակական անվտանգության վարչության պետ Ջավանշիր Մամեդովը հայտարարել է, թե  «իրենք վերահսկում են իրավիճակն ու ամեն ինչ կարգին է»: 


Հիշեցնենք, որ հունվարի 23-ից  Իսմայիլիիում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Պատճառը`  նույն այդ օրը  քաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպն էր: Տեղի բնակիչների պնդմամբ` Ադրբեջանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Ֆիզուլի Ալեքբերովի որդին Իսմայիլիի «Չիրագ» հյուրանոցից դուրս գալիս ավտոմեքենայով հարվածել էր մոտակայքում կայանած տաքսի-ավտոմեքենային: Երկու վարորդների միջեւ սկսվել էր լեզվակռիվ, որը շուտով վերաճել էր ծեծկռտուքի: Քիչ անց տաքսու վարորդին օգնության էին հասել տեղի բնակիչները ու «մի լավ» ծեծել նախարարի որդուն: Միջադեպից հետո մարդիկ այրել  էին «Չիրագ» հյուրանոցը, որը պատկանում է նախարարի ընտանիքին, փորձել են այրել նաեւ շրջանի ղեկավարի` Նազիմ Ալեգբերովի (նախարարի եղբոր) տունը: 

Անկարգությունները վերաճել էին զանգվածային ցույցերի. բնակիչները հավաքվել էին Զանիմ Ալեքբերովի նստավայրի մոտ ու պահանջում էին նրա հրաժարականը: Մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել էր:

 Միաժամանակ հաղորդվում է, որ ոստիկանության ներքին զորքերը շարունակում են «կենդանի պատ» կազմել շրջանի ղեկավարի նստավայրի մոտ: