Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է

17:56 • 25.01.13

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր կայացավ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացվում են տարաբնույթ աղբյուրներից վերցված՝ հայկական մատենագրություն, ճարտարապետություն, պատկերաքանդակներ, լուսանկարներ և այն, հայկական զինանշանները, դրոշները, պետական ու ազգային խորհրդանշանները: Գրքում առանձին ներկայացված են ՀՀ պետական խորհրդանշաններն ու պարգևները: Այն ներառում է նաև մինչ օրս անհայտ կամ քիչ հասանելի նյութեր և փաստեր:


«Տարբեր դարաշրջաններում դառնալով ազգի ոգեշնչման և հաղթանակի գրավական` այս խորհրդանշանները հայ պետականության և ազգային համախմբման յուրօրինակ վկայություններ են»,- ասաց նա՝ նշելով, որ այսկերպ իր փոքրիկ ներդրումը կունենա հայ զինվորին ոգեշնչելու գործում։


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց՝ խորհրդանշական է, որ այս միջոցառումն իրականացվում է բանակի կազմավորման 21-ամյակի առթիվ։ «Գիրքը մեր պատմության ամենավառ էջերին է ուղղված, և այսկերպ Հայկ Դեմոյանը վեր է հանում մեր պատմության վառ նմուշները»,- ասաց նա՝ հավելելով, որ գիրքը պետք է զինվորականների առօրյա գործունեության և սեղանի դասագիրքը դառնա։


Սեյրան Օհանյանի խոսքով այս գաղափարը շատ մեծ դեր կունենա նաև տեղեկատվական պատերազմների գործում։


Միջոցառման ավարտին նախարարը Հայկ Դեմոյանին պարգևատրեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով։